«Դա անհեթեթություն է». ռուս հայտնի լրագրողը պարզաբանել է Առաջին ալիքով հայերին Ռուսաստանի թշնամի անվանելու հետ կապված դեպքը (տեսանյութ)
Ռուս լրագրող, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ, որում անդրադարձել է ռուսական Առաջին ալիքով «Ժամանակը ցույց կտա» հաղորդմանը մասնակցելուց հետո իր շուրջ տարածվող լուրերին առ այն, թե ինքն ասել է, որ «հայերը Ռուսաստանի թշնամին են»:
«Սիրելի՛ հայեր, ես երբեք նման անհեթեթություն չեմ ասել: Այն ամենը, ինչ դուք կարդում ու լսում եք այդ թեմայի վերաբերյալ, զզվելի վարկաբեկում ու անհեթեթություն է»,-ասել է Շևչենկոն:
Լրագրողի պնդմամբ՝ հաղորդման շրջանակում, նրա իսկ ձևակերպմամբ, «լեհ ազգայնական» Տոմաշ Մացեյչուկի հետ բանավեճի ժամանակ իրեն հարցրել են՝ հայերը Ռուսաստանի բարեկա՞մն են: Հարցադրմանն ի պատասխան լրագրողն ասել է. «Այն հայերը, որոնք մեր դաշնակիցն են, բարեկամ են, իսկ նրանք, ովքեր ձեր դաշնակիցներն են, թշնամի են»:
Շևչենկոյի պնդմամբ՝ ինքը ոչ մի սխալ կամ վիրավորական բան չի ասել և գտնում է, որ նույնը կարելի է ասել ոչ միայն հայերի, այլև մնացած բոլոր ազգերի՝ նաև ռուսների համար:
«Ուստի՝ ևս մեկ անգամ պնդում եմ, որ այս ամենը սուտ է: Ես երբեք չեմ ընդհանրացրել ազգին ու չեմ ասել, որ հայերը Ռուսաստանի թշնամին են: Երբեք նման բան չեմ ասել ու չեմ էլ ասի ոչ միայն հայերի, այլ նաև որևէ այլ ազգի վերաբերյալ»,-շարունակել է լրագրողը:
Տեսաուղերձում հեղինակն անդրադարձել է մեծ աղմուկ հանած հաղորդման ևս մի վիճելի դրվագի՝ Լեռնային Ղարաբաղի պատկանելիության մասին հարցին: Շևչենկոն ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը դե յուրե պատկանում է Ադրբեջանին և որ հակամարտությանը լուծում կարող են տալ միայն Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան»:
Տեսաուղերձի վերջում Շևչենկոն ներողություն է խնդրել ռուսաստանաբնակ հայտնի լրագրող Աշոտ Գաբրելյանովից:
«Հարգելի՛ Աշոտ Գաբրելյանով, գիտեմ՝ ինչ-որ մեկը քեզ խաբել է՝ ասելով, թե ես իբր ասել եմ՝ հայերը Ռուսաստանի թշնամին են: Մի՛ հավատա այդ անհեթեթությանը»,-ասել է Շևչենկոն՝ ավելացնելով «ցավդ տանեմ»:










