Երևանում քաղաքացին իր տան պատուհանից կրակել է շինաշխատանքներ իրականացնող էքսկավատորի վրա

12:07 • 02.12.17

Երեկ երեկոյան Երևանում քաղաքացին կրակել է իր տան մոտակայքում աշխատող էքսկավատորի ուղղությամբ:

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ ոստիկանությունը կրակոց արձակելու մասին ահազանգը ստացել է դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:45-ին:

«Ահազանգի համաձայն՝ Երևանի Կոմիտասի պողոտայի 15 հասցեում գտնվող կիսակառույց շենքի մոտ շինանրարական աշխատանքներ է կատարվում և հարևանը կրակել է  էքսկավատորի վրա»,-հայտնեցին ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից:

Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին Բակունցի փողոցի բնակիչներից մեկը շինարարական աշխատանքների հետևանքով իր տունը վնասելու պատճառաբանությամբ իրեն ամրակցված երկփողանի որսորդական հրացանով տան պատուհանից կրակել է էքսկավատորի ուղղությամբ:

«Էքսկավատորի ուղղությամբ կրակած քաղաքացին բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել է նաև հրացանը: Նախապատրաստվում են նյութեր»,-հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: