Երկիրը ոչ մի վայրկյան առանց վարչապետի չի մնալու. Հրայր Թովմասյանը՝ 2018 թվականի անցումային փուլի մասին
2018 թվականին, երբ Հայաստանում կսկսեն լիարժեք գործել սահմանադրական փոփոխությունները, ՀՀ նախագահը, ով մինչ այս նաև երկրի գերագույն հրամանատարն էր, վայր կդնի իր լիազորությունները։ Զուգահեռ` հրաժարական կտա նաև կառավարությունը։ Այս հանգամանքը քաղաքական-վերլուծական շրջանակներում անհանգստության առիթ դարձել, որովհետև հարց է առաջանում, թե մինչ նոր կառավարության նշանակումն ով է ղեկավարելու երկիրը՝ հաշվի առնելով, որ ՀՀ-ն հարևան պետության հետ ռազմական խնդիրներ ունեցող է:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, նշեց, թե ինքը չի հասկանում նման մտավախությունների առիթը: Թովմասյանը նկատեց, որ սահմանային լարվածությունը մինչև չհասնի ռազմական դրության, պատերազմի հայտարարման փուլի, երկրի վարչապետը գործառույթ չի ունենում այստեղ:
«Մենք միշտ ունեցել ենք ու ունենալու ենք պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, որը բարձագույն զինվորական է, ու նման դեպքերում հենց նա է որոշումներ կայացնում, իսկ գլխավոր շտաբի պետը երբեք ժամանակավոր պաշտոնակատար չի լինում»,- պարզաբանեց Թովմասյանը:
Նա հերքեց տարածված տեսակետը, թե 2018 թվականին նախագահի լիազորությունները վայր դնելուց և Կառավարության հրաժարականից հետո, երկրի առաջին դեմքը լինելու է ԱԺ նախագահը: Թովմասյանի խոսքով՝ արտաքին հարաբերությունների տեսանկյունից ԱԺ նախագահի և պատգամավորի գործառույթները գրեթե չեն տարբերվում:
«ԱԺ նախագահը երբեք որոշում չի կայացնում՝ ո՛չ պառլամենտական, ո՛չ նախագահական երկրներում: Կառավարման խորհրդարանական համակարգը կուսակցական կառավարում է, այսինքն՝ այստեղ ոչ թե ջրբաժանն անցնում է Գործադիր ու Օրենսդիր մարմինների միջև, այլև քաղաքական մեծամասնության ու քաղաքական փոքրամասնություն միջև: Բանն այն է, որ քաղաքական մեծամասնությունը նույնն է, պարզապես մի մասը գործադիրում է լինում, մյուս մասը՝ օրենսդիրում: Իսկ ԱԺ նախագահն առավելապես սպիկեր է»,- շարունակեց Հրայր Թովմասյանը:
Վերջինս նկատեց, որ խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում իշխող կուսակցության ղեկավարները դառնում են ոչ թե ԱԺ նախագահ, այլ վարչապետ:
Հարցին՝ հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական շփման գծում ամեն օր իրադրություն կարող է փոխվել, վտանգավոր չէ՞ անցումային փուլը, որոշում կայացնող անձի ոչ հստակությունը, Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե երկիրը ոչ մի վայրկյան առանց վարչապետ չի մնում:
«Ժամկետները լավ սեղմած են ու 15 օրվա ընթացքում որոշումը կայացվում է, իսկ 5-7 օրվա ընթացում առաջարկվում է վարչապետի նոր թեկնածու: Սակայն չմոռանանք, որ երբ Կառավարությունը վայր է դնում լիազորությունները, վարչապետն ու նախարարները ժամանակավոր պաշտոնակատարներ են լինում, մինչև նոր Կառավարության ձևավորումը»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը:










