ՀՀ իշխանություններն ասել են` ՀՀ-Թուրքիա մեռելածին փաստաթղթի կյանքը տևելու է մինչև ապրիլ. Թևան Պողոսյան

19:19 • 04.12.17

Թուրքիան 24 տարի նույն քաղաքականությունն է վարում և իր վարքագիծը 93 թվականից սկսած չի փոխում: Այս մասին Tert.am-ի զրույցում ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Հայաստանին` տարածաշրջանային տնտեսական նախագծերից հետագա դուրսմղման սպառնալիքին:

Թևան Պողոսյանը Հայաստանի համար որպես այլընտրանք նշեց Հյուսիս-Հարավ ծրագիրը, ԵԱՏՄ-ն, ԵՄ-ի հետ պայմանագիրը: Նա ասաց, որ Հայաստանն ունի տնտեսական զարգացման հնարավորություններ ներքին ռեսուրսների կոնսոլիդացիայի շնորհիվ, մոնոպոլիայի, կոռուպցիայի դեմ պայքարով: «Սակայն մենք հյուսիս-հարավ ծրագիրը անորակ ձևով ենք իրականացնում, կոռուպցիան, մոնոպոլիան շարունակվում է, չունենք դատական ճիշտ համակարգ, մենք ինքներս ոչ մի բան չենք արել Հայաստանը գրավիչ դարձնելու համար»,-ասաց նա:

Նա կարևորեց, որ Հայաստանն այսօր աշխատում է միջին արևելքի, արաբական աշխարհի երկրների հետ, խորացնում է ԵՄ երկրների հետ հարաբերությունները: «Մենք դեռ այնքան ներքին ռեսուրս չենք օգտագործել մեր սեփական սխալ քաղաքականության արդյունքում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Էրդողանի խոսքերին, թե սփյուռքի ճնշման տակ պաշտոնական Երևանը շարունակում է փակ պահել Թուրքիայի հետ բարեկամության դռները, Թևան Պողոսյանն ասաց, որ Թուրքիայի նախագահի խոսքերը մեկնաբանել կարելի է, երբ նա զարմանալիորեն դրական բան ասի, մյուս դեպքերում ամեն ինչ կրկնողություն է:  Նա արհեստական համարեց` ամեն ինչ սփյուռքի վրա գցելու Էրդողանի քաղաքականությունը և նշեց, որ չի ստացվելու սեպ խրել սփյուռքի և Հայաստանում բնակվող հայերի միջև, քանի որ մենք մեկ մարմին ենք:

«Հայաստանի Հանրապետության  իշխանություններն ասել են, որ Հայաստան-Թուրքիա այդ մեռելածին փաստաթղթի կյանքը լինելու է մինչև ապրիլ և Թուրքիան ինչ-որ շատ իրեն ակտիվացած է զգում այս ժամանակահատվածում, քանի որ մե՛կ Ղարաբաղի համար է փորձում խոսել, մե՛կ անդրադառնում է Հայաստանին»,-ասաց նա:

Պատգամավորը հնարավոր համարեց, որ Թուրքիան իր մյուս քաղաքականությունը ձախողում է և փորձում է նորմալացնել գոնե մեկ հարևանի հետ հարաբերությունները, սակայն նշեց, որ ճանաչելով Էրդողանին` որևէ առաջընթաց չենք ունենալու: Նա կոչ արեց լինել զգոն և չտրվել էրդողանական ցնորքների մեկնաբանություններին, այլ մեր շահերն առաջ տանել: