Հնդկաստանում ծնողները նորածնի հուղարկավորման ճանապարհին պարզել են, որ նա ողջ է

11:21 • 04.12.17

Հնդկաստանի Դելի քաղաքի հիվանդանոցներից մեկում աշխատանքից հեռացվել է երկու բժիշկ` նորածնին սխալմամբ մահացած հայտարարելու համար:

Ինչպես նշում է bbc.com-ը, միջադեպը տեղի է ունեցել մասնավոր կլինիկաներից մեկում: Նոյեմբերի 30-ին նախանշված ժամկետից շուտ լույս աշխարհ եկած երեխան մեռած է հայտարարվել, սակայն ծնողները թաղման գնալու ճանապարհին պարզել են, որ նորածինն իրականում ողջ է:

Աղբյուրը մանրամասնում է, որ մայրը զույգ էր ունեցել: Նրանցից մեկն անմիջապես մահացել է, իսկ մյուսին բժիշկներն էին սխալմամբ մահացած համարել:

Հուղարկավորման ճանապարհին ծնողները նկատել են, որ բժիշկների կողմից հատուկ տոպրակներում դրված նորածիններից մեկը շարժվում է:

Նորածինների պապի պատմելով՝ ընտանիքի ապշած անդամները շտապել են կյանքի նշաններ ցույց տվող փոքրիկին մոտակա հիվանդանոց տանել: Այնտեղ նրանց ասել են, որ երեխան իսկապես ողջ է:

Նշվում է, որ միջադեպը բժիշկների անտարբեր վերաբերմունքի հարցի շուրջ բուռն քննարկումների առիթ է տվել Հնդկաստանում: