Նյու Դելիի իշխանություններին 48 ժամ են տվել սմոգի դեմ պայքարի պլան մշակելու համար

14:43 • 04.12.17

Հնդկաստանի ազգային «կանաչ» տրիբունալը քննադատել է Նյու Դելիի կառավարությանը մայրաքաղաքային շրջանում օդի ուժեղ աղտոտվածության դեմ պայքարի գործողությունների ծրագիր չունենալու համար։ Այն 2 օր ժամանակ է տվել համապատասխան ծրագիրը ներկայացնելու համար, գրում է Hindustan Times-ը։


Հնդկաստանի ազգային «կանաչ» տրիբունալը դատական ատյան է՝ հիմնված 2010 թվականին։ Այն ստեղծվել է շրջակա միջավայրի աղտոտման դեմն առնելու նպատակով։ Այս ժամանակահատվածում դատական մարմինը քննել է տասնյակ հազարավոր հայցեր՝ կապված մթնոլորտ վնասակար արտանետումների, ջրամբարների կառուցման ու երկրաբանական մշակումների հետ։


Ինչպես հայտնում է թերթը՝ երկուշաբթի կայացած լսումների ժամանակ Նյու Դելիի կառավարության պաշտոնյաները դատարանից ավելի երկար ժամանակ են խնդրել պլանը մշակելու համար։ Ի պատասխան՝ նրանց տրվել է 48 ժամ։


«Ցանկացած թերթի վերնագիր «գոռում» է այն մասին, որ այս շաբաթ օդի աղտոտվածության մակարդակը բարձր է լինելու, սակայն դուք ոչ մի քայլ չեք ձեռնարկել։ Նույնիսկ կրիկետ խաղացողներն են դաշտ դուրս գալիս դիմակներ հագած։ Ինչո՞ւ պետք է Դելիի բնակիչներն այս ամենը տանեն»,- ասել է դատավոր Սվատանտեր Կումարը։