Նեթանյահուն գոհ է Իրանի հետ կնքված «միջուկային համաձայնագրի» հետ կապված Թրամփի գործողություններից
Իրանի հետ «միջուկային գործարքի» հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները թույլ են տալիս վերացնել դրա թերությունները: Այդ մասին կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կբերի նրան, որ մոտ 10 տարուց Իրանը կունենա միջուկային զինանոցի ամբողջ սպեկտրը: Նախագահ Թրամփը հնարավորություն է ստեղծել այդ համաձայնագրի հսկայական թերությունների վերացման համար: Եվ ես կոչ եմ անում բոլորին նպաստել այդ հնարավորության իրագործմանը»,- ասել է Նեթանյահուն՝ տեսակապով հանդես գալով Վաշինգտոնում համաժողովին:
Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Սպիտակ տունը կաշխատի Կոնգրեսի հետ 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի հետ կնքված միջազգային համաձայնագրի «լուրջ թերությունների» վրա: Նա հրաժարվել է պաշտոնապես հաստատել Կոնգրեսին, որ Իրանը պահպանում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունները, բայց միևնույն ժամանակ միջազգային մակարդակով չի վիճարկել Թեհրանի կողմից պայմանավորվածությունները պահելու փաստը: Թրամփը նշել է, որ եթե համաձայնագրի «բարելավման» ամերիկյան ջանքերը տապալվեն՝ ԱՄՆ-ն դուրս կգա դրանից:










