Իշխանություններն ուզեն-չուզեն՝ պիտի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի հետ հաշվի նստեն, այլ բան է, որ շրջանցելու մեխանիզմ միշտ էլ գտնում են. Ա. Միրզոյան

20:48 • 04.12.17

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Երևան կատարած այցելության ժամանակ ներկայացրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույցը Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Զեկույցում ներկայացված են ընտրակաշառքի բաժանման ու վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրները և տրված են հանձնարարականներ մի քանի ուղղություններով: Թեմայի առնչությամբ Tert.am-ը զրուցել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ:

-Պարո՛ն Միրզոյան, նոյեմբերի 29-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ներկայացուցիչները հանդիպել են ձեր խմբակցության պատգամավորների հետ ևս: Որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ՝ հրապարակված զեկույցին ի՞նչ գնահատական կարող եք տալ, այն իրապե՞ս ներկայացրել է ապրիլի 2-ին գրանցված ընտրախախտումների փաթեթը։

-Մեջբերեմ այն գնահատականը, որը ես հնչեցրել եմ իրենց հետ հանդիպման ժամանակ: Ես ասացի, որ եվրոպացի դիտորդներն ամեն անգամ գալիս են Հայաստան և ընտրություններից հետո որոշ խնդիրների անդրադառնում են զեկույցում, բայց, այնուամենայնիվ, նշում են, որ ընտրությունները մի քայլ առաջ են։ Եվ ես հիմա գնահատում եմ այդ զեկույցը մոտավորապես նույն կերպ՝ դա լուրջ քայլ առաջ է, բայց նաև նորից ոչ ամբողջական և համապարփակ:

-Հատկապես ո՞ր տեսանկյունից եք քայլ առաջ դիտարկում:

-Այդ զեկույցը մի լուրջ քայլ առաջ է, որովհետև այդտեղ խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման մասին, ընտրակաշառքի բաժանման մասին, և կարծես թե բոլոր խնդիրներին անդրադարձ կա։ Այլ բան է, որ առաջարկների, եզրակացությունների մասով գուցե այդքան շատ լուծումներ չի տալիս, և պետք է հասկանալ նաև, որ այդ ցուցակը շատ խորքային է, միանգամից բանալին ցույց տալն իրատեսական չէ գուցե նաև:

-Ձեր կարծիքով, եվրոպական այս կառույցից ավելի կոշտ գնահատականի հնչեցման դեպքո՞ւմ է հնարավոր հայաստանյան ընտրական գործընթացում բացառել կամ գոնե կրճատել արատավոր երևույթները:

-Այդ զեկույցը ավելի ուղիղ է նայում խնդիրներին, քան դա արվել էր նախկինում, բայց համադարման չէ, այնուամենայնիվ, երևի պետք էլ չէ ակնկալել, որ կլինի, որովհետև տեսականորեն հնարավոր չէ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը համադարման լինի բոլոր խնդիրներին: Ի վերջո ընտրական գործընթացները տեղի են ունենում Հայաստանում, տեղի են ունենում որոշակի անձանց կողմից չարաշահումներով և այդ ամենին հետևելն ու դրսից հրահանգելը, որ մի արեք, զեկույցի հետ կապել պետք չէ:

-Զեկույցում նաև հստակ հանձնարարականներ են տրվել Հայաստանի իշխանություններին, հենց նույն պետական ռեսուրսների չարաշահման, ընտրակաշառքի հետ կապված նաև ուշադրություն է հրավիրվում օրենսդրական երկիմաստ դրույթների վերացման անհրաժեշտությանը, սահմանափակ կարողություններով ընտրողների` իրենց ընտրության իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունների ստեղծմանը: Ի՞նչ եք կարծում, մեր իշխանությունները պատրա՞ստ են հանձնառություն վերցնել՝ գնալու հանձնարարականների իրացման հետևից:

-Տեսեք՝ ուզեն-չուզեն՝ պիտի հաշվի նստեն, այլ բան է, որ շրջանցելու մեխանիզմ միշտ էլ գտնում են: Սկսենք նրանից, որ եթե նախկինում քվեատուփում լցոնում էին անում, ի վերջո նաև դրսի լծակների ու ճնշման շնորհիվ է, որ այդպիսի ակնառու խախտումներ, այնուամենայնիվ, այժմ չեն արվում: Բայց իրենք միշտ փորձում են շրջանցել, մեխանիզմ գտնել նաև ընտրատեղամասից դուրս այդ խախտումներն անել, ավելի մեծ գործոն կարող է լինել ներհայաստանյան հասարակության ճնշումը և քաղաքացիական գիտակցության բարձրացումը, քան հուսալ, որ հերթական եվրոպական զեկույցը կարգելի նրանց անել այդ բանը: