«Որոնում և փրկություն». Արգենտինայում անհետացած «Սան Խուան» սուզանավի անձնակազմի հարազատները քայլերթ են անցկացրել

12:49 • 04.12.17

Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» սուզանավի անձնակազմի հարազատներն ու ընկերները՝ մոտ 300 մարդ, քայլերթ են կազմակերպել Մար դել Պլատա քաղաքում՝ պահանջելով փրկել ծովագնացներին ու երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի ներկայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ La Gaceta թերթին հղումով։


Ըստ թերթի՝ քայլերթը սկսվել է կիրակի առավոտյան երկրի ռազմածովային ուժերի բազայի դարպասների մոտից ու ձգվել մոտ 7 կմ։  Քայլերթի մասնակիցները բացականչել են՝ «Որոնում և փրկություն», «Մենք ցանկանում ենք պատասխան ստանալ», «Հույս և հավատ», «Մի՛ մոռացեք «Սան Խուան» սուզանավի մասին»։


«Նախագահ Մակրին պետք է լինի այստեղ, որովհետև սա է առաջնահերթը, և ոչ G20-ը, այս ամբողջ իրավիճակի հետևում կանգնած է 44 ընտանիք, և ինչ որ մեկը պետք է ստանձնի այս ամենի պատասխանատվությունը»,- ասել է կորած ծովագնացներից մեկի կինը։


Ավելի վաղ Արգենտինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչն ասել էր, որ մասնագետներն անհետացած «Սան Խուան»-ի գտնվելու երկու հնարավոր վայր են որոշել՝ 700 և 950 մետր խորությունների վրա։


Հիշեցնենք, որ սուզանավի հետ կապը կորել էր նոյեմբերի 15-ից: Հաստատված վերջին կապի ժամանակ «Սան Խուան»-ից հայտնել էին վթարի մասին: Դրանից հետո սկսել է շրջանառվել այն վարկածը, որ սուզանավում կարող էր պայթյուն տեղի ունեցած լինել: Արգենտինայի իշխանությունները որոշել են դադարեցնել նոյեմբերի 15-ին անհետացած «Սան Խուան»-ի 44 հոգանոց անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքները:


«Փրկվածներ չեն լինի»
,-ասել էր երկրի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկե Բալբին։