Եղնուկյանը խոչընդոտներ է վերացրել՝ օժանդակելով ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին. ներկայացվեցին մեղադրանքի եզրափակիչ մասերը

15:01 • 04.12.17

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գունդը զավթելու և այլ ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից 11-ի՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործը՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Մեղադրող դատախազը ներկայացրեց ամբաստանյալներից մի քանիսի մեղադրանքների եզրափակիչ մասերը:

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու փոխադրելու մեջ, կազմակերպված խմբով շենք-շինություններ զավթելու, պատանդ վերցնելու մեջ: Բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս։

Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, զավթել շենք-շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք, բացի այդ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել է տրանսպորտային միջոցներ:

Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խորհուրդներ տրամադրելով և խոչընդոտները, վերացնելով օժանդակել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում շենքերը, շինությունները և տրանսպորտի միջոցները և պատանդներին պահելուն։

Աշոտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ գհոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Կարե Եղնուկյանին մեղադրանք առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: