Ընդհանուր ժողովրդական կոնգրես կուսակցությունը հաստատել է Եմենի նախկին նախագահի մահը
Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը սպանվել է հուսիթների հետ երկրի մայրաքաղաք Սանայում ընթացող բախումներում: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սալեհի կուսակցությունում աղբյուրներին, գրում է Reuters գործակալությունը:
Լրատվամիջոցը վկայակոչել է Ընդհանուր ժողովրդական կոնգրեսից աղբյուրին, ով նշել է, որ Սալեհը սպանվել է դիպուկահարի կողմից:
Սոցիալական մեդիաներում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է մոխրագույն հագուստով մարդու մարմին, որը նման է Սահելին: Այն տեղափոխում են կարմիր ծածկոցի վրա, գլխի հատվածում երևում է խորը վերքը:
Եմենի նախկին նախագահի սպանվելու փաստը հաստատել են նաև այլ աղբյուրներ, մասնավորապես՝ ապստամբ հուսիթների վերահսկողության տակ գտնվող ներքին գործերի նախարարությունը:
Մինչև վերջերս Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը աջակցում էր հուսիթների ապստամբությանը և նրան հավատարիմ զինվորականները պայքարում էին նրանց կողմից իշխանությունների և արաբական կոալիցիայի դեմ, սակայն երկուշաբթի նա հաստատել է տեղեկություններն այն մասին, որ խզում է հուսիթների հետ իր համագործակցությունը և առաջարկել է նոր էջ բացել արաբական կոալիցիայի հետ հարաբերություններում, եթե այն դադարեցնի Եմենի դեմ հարձակումը և շրջափակումը:










