Մեր երկրում հանքերի շահագործումը բարձիթողի վիճակում է. Ռ.Գասպարյանը՝ Հայաստանում նավթի և գազի որոնման նոր հայտի մասին
Շիրակի մարզի մի շարք տեղանքների՝ Ամասիայի, Մարմարաշենի, Ոսկեհասկի, Հայկավանի, Առափիի և Կապսի ընդերքում նավթ ու բնական գազ հայտնաբերելու նպատակով «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն պատրաստվում է անցկացնել երկրաբանական ուսումնասիրություններ։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար հայտը քննարկվել է դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզպետարանում: Tert.am-ի հետ զրույցում, քննարկմանը մասնակցած Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետախուզական երկրաֆիզիկայի և գեոէկոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող Ռոլան Գասպարյանը ցավով նշեց, որ քննարկմանը ոլորտի շատ մասնագետներ ներկա չեն եղել:
«Խնդիրը շատ խրթին ներկայացվեց, նրանք հաշվի չէին առել, որ այդ քննարկմանը բացի գյուղապետերից և համայնքապետերից ներկա լինեն նաև մասնագետներ երկրաֆիզիկայի ոլորտից: Մենք որոշ հարցեր տվեցինք, որպեսզի պարզենք խնդրի էությունը, ծավալները, որոշ չափով պարզաբանում մտցվեց: Նրանք ասում էին` երկրաբանական ուսումնասիրություն է արվելու, բայց իրականում, փաստորեն, պիտի իրականացվի երկրաֆիզիկական ուսումնասիրություն»,-ասաց Ռոլան Գասպարյանը:
Tert.am–ի հարցին` նախանշված երկրաֆիզիկական ուսումնասիրությունն ինչ վտանգ կարող է ներկայացնել շրջակա միջավայրի համար, Գասպարյանը պատասխանեց. «Միակ վտանգը, որ հնարավոր է , եթե ուսումնասիրություններն իրականացնեն ճանապարհներից դուրս, կիրառվեն դաշտամիջյան տարածքներում, որտեղ արդեն ցանված են տարբեր տեսակի գյուղատնտեսական բույսեր և այլն, այդ դեպքում ոչ թե բնապահպանական, այլ նաև տնտեսական վնաս կունենանք: Բայց այդ ներկայացնողներն ասացին, որ հիմնական չափումներն իրականացվելու են ճանապարհների վրա, որից հետևություն, որ ոչ մի տեսակի վնաս շրջակա միջավայրին երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքում չի հասցվի»,-ասաց երկրաբանը:
Նավթ և գազ որոնելու համար ընտրված են Գյումրի քաղաքից հյուսիս ընկնող մերձակա գյուղերի տարածքները: Հարցին, թե հայտ ներկայացնողները տարածքի բնակիչների վերաբերմունքը պարզել են, երկրաբանը պատասխանեց, որ այս փուլում, երբ խոսվում է բացառապես հետազոտական աշխատանքների մասին, բնակիչների համար վտանգ չկա:
«Ելնելով դառը փորձից, կոնկրետ Հյուսիս- հարավ ճանապարհի հարցում բավականին պրոբլեմներ առաջացան՝ թե՛ կոմպենսացիայի համար, թե՛ անցուղիները, կամուրջները սխալ էին տեղադրվում. բնակիչները մտահոգություններ էին հայտնում: Գուցե այս ժամանակ էլ խնդիրներ առաջանան և չստանան համապատասխան լուծումներ»,-ասաց Գասպարյանը:
Նշենք, որ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն դեռևս լիցենզիա չի ստացել նավթ և գազ որոնելու համար ուսումնասիրությունները սկսելու համար, և քննարկումները դեռ շարունակվելու են:
Երկրաբանի համոզմամբ` այս հարցը պահանջում է բնապահպանական տեսանկյունից ավելի լուրջ ուշադրություն և մասնագիտական քննարկում:
«Դրա դառը փորձն ունեն այն երկրները, որտեղ շահագործվում են նավթի և գազի հանքավայրերը: Մյուս կողմից էլ, դատելով մեր հանրապետությունում ներկայումս տարվող քաղաքականությունից` կապված հանքաարդյունաբերության հետ, խիստ մտահոգիչ է պատկերը. չորս կողմից ոսկի են հանում, ինչ ասես հանում են և բացարձակ այդ ամենը համապատասխան արձագանք չի ստանում մեր իշխանությունների կողմից»,-ասաց երկրաբանը:
Գասպարյանի կարծիքով` մեր երկրում հանքերի շահագործումն ընդհանրապես բարձիթողի վիճակում է:
«Այն համայնքի բնակիչները, որ ընդվզում են այդ հանքերի բացման և շահագործման դեմ, ճիշտ են անում, որովհետև բացարձակապես ոչ մի օգուտ նրանք դրանից չունեն` բացի վնասից, բերրի հողերն են ոչնչանում, աղտոտվում է օդը, աղտոտվում են ջրերը, առաջանում են պոչամբարներ, տարբեր վնասակար նյութերով հագեցած ջրերը ներծծվում են գրունտային ջրերի մեջ, իսկ նավթի հետ կապված ավելի ահավոր բաներ են մեզ սպասվում : Չեմ ուզում ասել՝ մենք դեմ ենք նավթ հայտնաբերմանը»,-ասաց երկրաբանը:
Ի պատասխան Tert.am-ի դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված հատկապես վերջին շրջանում Հայաստանի տարածքում նավթ և գազ որոնելու հետաքրքրությունը, երկրաբանը նկատեց, որ որոնողական աշխատանքներ վաղուց են արվել նաև իրենց ինստիտուտի կողմից:
«Այդպիսի ուսումնասիրման աշխատանքներ մենք իրականացրել ենք կանադական ընկերության պատվերով Վայքում, Գեղարքունիքում, բայց այն կիսատ մնաց պատվիրատուի ցանկությամբ: Ուսումնասիրությունների արդյունքում մենք որոշ գոտիներ գտանք, որտեղ կարելի էր սպասել ոչ թե կոնկրետ նավթ, այլ կարելի էր հայտնաբերել միջավայրեր, որոնք իրենց ֆիզիկական հատկություններով մոտ էին նավթի կամ գազի հանքավայրերի հատկություններին: Երկրի մակերեսից չի որոշվում դա նավթ է, ջուր, մեթան թե ինչ-որ ուրիշ գազ: Հայաստանն այդ տեսանկյունից հեռանկարային է, բայց ամենախորը հորատանցքը Հայաստանում 4400 մետր է, իսկ իմ մասնագիտական կարծիքն է, որ նավթի պաշարները գտնվում են ավելի խորը հորիզոններում»,-ասաց երկրաբանը:
Նա նաև ցավով նշեց, որ ներկայումս նավթի և գազի որոնման աշխատանքներում մեր հանրապետության մասնագետներին չեն ներգրավում:
«Դա շատ վատ միտում է մեզ մոտ: Եթե չլինեն մասնագետներ, հասկանալի է: Ուսումնասիրությունները, երբ կատարում են Աֆրիկայում, հասկանում եմ, որ այնտեղ չկան այդպիսի մասնագետներ, բայց չէ որ մեր հանրապետությունում կա Գյումրիի ակադեմիական ինստիտուտ, որն ունի որոշակի փորձ նման խնդիրների լուծման համար»,-եզրափակեց երկրաբանը:










