Իրանական կողմը շահագրգռված է, որ Ստեփանակերտը խորքային շեշտադրումներով անդրադառնա Իրան-Արցախ հարաբերություններին․ Վահրամ Աթանեսյան

21:53 • 05.12.17

 

ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ տպավորություն է, որ իրանական կողմը շահագրգռված է, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը բավական խորքային շեշտադրումներով անդրադառնա Իրան-Արցախ հարաբերություններին և վերահաստատի ԼՂ կարգավորման իր տեսակետը:

Նա Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ իրանական հայտնի «Շարղ» օրաթերթում հրապարակված Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցում  հնչած շեշտադրումներին:

-Պարո՛ն Աթանեսյան, Արցախի արտաքին գործերի նախարարն իր առաջին հարցազրույցներից մեկը տվել է Իրանական լրատվամիջոցի, որը, կարծես, արտահայտում է նախագահ Հասան Ռոհանիի քաղաքական թիմի տեսակետները: Հարցազրույցը պատահական ու հերթական կարելի՞ է համարել, թե, այնուամենայնիվ, ինչ-որ ենթատեքստ դրա տակ թաքնված կա:

-Արտաքին գործերի նախարարի հետ հարցազրույցը չի կարող զուտ լրագրողական հետաքրքրություն լինել: Տպավորություն է, որ իրանական կողմը շահագրգռված է, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը բավական խորքային շեշտադրումներով անդրադառնա Իրան-Արցախ հարաբերություններին և վերահաստատի ԼՂ կարգավորման իր տեսակետը:

-Մասիս Մայիլյանը ակնարկել է նաև Իրանի հետ բաց սահմանների ունենալու մասին: Այս դիվանագիտական քայլն ինչպե՞ս կգնահատեք:

-Հարցերի տոնայնությունից կարելի է ենթադրել, որ Իրանը սահմանային հարցերում որոշ նախաձեռնությունների է սպասում:

- Խոսք է գնում նաև Արցախի տարածքների՝ Ադրբեջանին անցնելու մասին: Մասիս Մայիլյանը վստահորեն նշում է, որ Արցախի պետական սահմանները պատմական Արցախից դուրս չեն գտնվում ու նաև հավելում  է, որ Արցախի Հանրապետության մի շարք տարածքներ, օրինակ, Շահումյանի շրջանը, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի մասը, որոնք կազմում են հանրապետության տարածքի մոտավորապես 15 տոկոսը, մինչ օրս օկուպացված են Ադրբեջանի կողմից: Սա ի՞նչ «ազդակ» ու «ուղերձ է», և ո՞ւմ է առավել շատ ուղղված:

-Արցախի արտգործնախարարն արձանագրել է իրողությունը, իրոք մեր երկրի տարածքի զգալի մասը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ: Ասվածի հասցեատերն ամենից առաջ Ադրբեջանն է, քանի որ վերջինս շատ է խոսում կարգավորման տարածքային բաղադրիչի մասին: Կարծում եմ՝ այստեղ հասցեագրում կա նաև միջնորդներին:

-Արդյոք տարածքների մասով հայտարարությունը չի՞ վերահաստատում Արցախի մշտական դիրքորոշումը, որ Արցախը տարածքների գնով փոխզիջման չի գնա կարգավորման գործընթացում:

- Ասվածը պետք է հասկանալ Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշման կոնտեքստում: Եթե Բաքուն առաջնորդվում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով, ապա Արցախից այլ արձագանք, քան արտգործնախարարն է հնչեցրել, չի կարող լինել:

-Իրանը մշտապես զուսպ և չեզոք է եղել ԼՂ հիմնահարցի հետ կապված մեկնաբանություններում: Այդ չեզոքությունը մի քիչ կոտրող հարցազրույց է սա կարծես: Որո՞նք են մեզ ուղղված ակնարկները և ինչպե՞ս մենք դրանց  պետք է արձագանքենք:

-Ես տպավորություն ունեմ, որ իրանական կողմը փորձել է հավասարակշռել իրավիճակը: Վերջին շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերություններում մեծ դինամիկա է նկատվում: Չեմ կարծում, թե ԼՂ կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումը ենթարկվել է արմատական փոփոխության: Իրանը պարզապես, ինչպես ասում են, ոսկերչական արտաքին քաղաքականություն է վարում: Արցախի արտգործնախարարի հետ հարցազրույցը դրա ևս մեկ վկայությունն է:

-Ձեզ համար ի՞նչ կարևոր շեշտադրումներ է արել Արցախի արտգործնախարարը: Կարծում եք` ամբողջությամբ ներկայացվա՞ծ են Արցախի շահերն ու մոտեցումները, թե՞ որոշ վերապահումներ, այնուամենայնիվ, կան:

-Մասիս Մայիլյանը փորձառու դիվանագետ է: Ես նրա ասածներին ավելացնելու ոչինչ չունեմ: Պարզապես կիսվեցի անձնական տպավորություններով: