ՌԴ արդարադատության նախարարությունն «Ամերիկայի ձայնն» ու «Ազատություն» ռադիոկայանն արտասահմանյան գործակալ է ճանաչել
Ռուսաստանի արդարադատության նախարարությունն արտասահմանյան գործակալների ցանկում է ներառել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն ռադիոկայան» և ևս յոթ լրատվամիջոցի, գրում է rbc.ru-ն: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր, որի համաձայն հնարավոր է դարձել արտասահմանյան ֆինանսավորում ունեցող ԶԼՄ-ներին նման կարգավիճակ շնորհել:
Ինչպես РБК-ին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի աշխատակազմից աղբյուրը, ենթադրվում է արգելել համապատասխան ցանկում հայտնված գործակալների մուտքը Դաշնային խորհուրդ:
Նշվում է, որ ԶԼՄ-ների՝ օտարերկրյա գործակալի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը դարձել է ԱՄՆ-ում ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների, մասնավորապես՝ RT American-ն օտարերկրյա գործակալ ճանաչելու քայլի պատասխանը:
Օրենքի համաձայն՝ որոշումը, թե որ ԶԼՄ-ները կստանան օտարերկրյա գործակալի կարգավիճակ, կայացնելու է ՌԴ արդարադատության նախարարությունը:
Օտարերկրյա գործակալի կարգավիճակ ստացած ԶԼՄ-ներից պահանջվելու է նշագրել իրենց տեղեկատվական նյութերը որպես «օտարերկրյա գործակալի» կողմից տարածվող արտադրանք և ներկայացնել հաշվետվություններ:
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ռուսական RT America հեռուստաալիքը սպասարկող T&R Productions LLC ընկերությանը դասել է օտարերկրյա գործակալների շարքին: Նոյեմբերի վերջին RT-ն զրկվել է ԱՄՆ Կոնգրեսում հավատարմագրումից:










