21-ամյա վարորդը և մահացած ուղևորը ՃՈ պահակետին բախվելուց առաջ կողոպտել են ՌԴ քաղաքացու. նոր մանրամասներ

12:41 • 05.12.17

Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ժամը 8.00-ին Կ. Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 3.00-ի սահմաններում իրեն անծանոթ երկու երիտասարդների հետ նրանց ավտոմեքենայով Երևանից դեպի Արտաշատ ընթանալիս Երևան-Երասխ ճանապարհի 27-րդ կմ-ին կայանել են ավտոմեքենան, որից հետո նրանցից մեկն իրեն դուրս է քաշել ավտոմեքենայից, վիճաբանել իր հետ, հարվածել մարմնի տարբեր մասերին, ապա հեռացել են՝ իրենց հետ տանելով իր ճամպրուկը, որի մեջ եղել են իր անձնական իրերը և «Լենովո» տեսակի պլանշետը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1996 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և նրա ընկեր ոմն Մխո, որոնք ժամը 3.30-ին «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով բախվել են Արտաշատյան խճուղու թիվ 88 հասցեում գտնվող ՃՈ անշարժ պահակետի պատին, ինչի հետևանքով ուղևոր Մխոն տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Վնասի չափը պարզվում է: Հրաչյա Գ.-ն ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է: