Սամվել Ֆարմանյանը ԱԺ ոչ ֆորմալ աշխատանքային խումբ է ստեղծում՝ օրակարգում ունենալով ժողովրդագրական խնդիրները
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում, որը կքննարկի ժողովրդագրական միտումների խնդիրը և կփնտրի երկարաժամկետ լուծում։
Նա հայտարարության նախաբանում նկատեց, թե հաջողում են բոլոր այն պետությունները, որոնք գնահատում և լուծումներ են փնտրում ոչ թե տվյալ պահի խնդիրների համար, այլ այն խնդիրների, որոնք ժամանակի մեջ դժվարությամբ են մատնանշվում, բայց այդուհանդերձ մի օր, որպես ամբողջություն՝ ծանրանում են և «թակում այս կամ այն պետականության դուռը»:
«Գաղտնիք չէ, որ ՀՀ համար այդ կարևոր խնդիրներից է ժողովրդագրական միտումների խնդիրը, իրեն բնորոշ 3 պարամետրերով՝ բնական աճի ցուցանիշներով, միգրացիայի ցուցանիշներով, ինչպես նաև ուրբանիզացիայի ցուցանիշներով»,-ասաց նա:
Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ Նախագահն անդրադարձել է այս խնդրին և օբյեկտիվ գնահատելով իրավիճակը և կարևորությունը՝ հանձնարարել է կառավարությանը մշակել ժողովրդագրության քաղաքականության հայեցակարգ գալիք ժամանակահատվածի՝ 2040թ.-ի համար:
Ֆարմանյանը հավելեց, թե ժողովրդագրական միտումների բարելավման խնդիրները պետք է դիտարկել վերքաղաքական հարթությունում, և որպես խորհրդարան՝ իրենք ևս պետք է մասնակցություն ունենան խնդրի վերհանմանը:
Ըստ այդմ էլ, Սամվել Ֆարմանյանը տեղեկացրեց, որ նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում:
«Եվ ցանկանում եմ կոչով դիմել մեր բոլոր գործընկերներին՝ անկախ կուսակցական և ԱԺ ֆրակցիոն պատկանելությունից՝ մաս կազմել աշխատանքային խմբին, եթե կա մասնագիտական հետաքրքրվածություն և նաև մտահոգություն: Նաև ցանկանում եմ կոչով դիմել փորձագետներին, ովքեր այս խնդրով են զբաղվում՝ ժողովրդագիրներ, ազգագրագետներ և այլն՝ ևս մաս կազմել այս աշխատանքային խմբին՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ հիմնախնդրի վերքաղաքական վերհանում՝ դիագնոզ և հնարավոր ուղիների փնտրտուք, որը կարող է բերել ՀՀ-ում խնդրի լուծմանը»,-ասաց նա:
Սամվել Ֆարմանյանը նշեց, որ աշխատանքային խումբն ունենալու էլեկտրոնային հասցե՝ demographic@parliament.am. «Բոլոր ցանկացող փորձագետները կարող են մինչև հունվարի 20-ն իրենց ցանկության մասին հայտնել այդ աշխատանքային խմբին մաս կազմելու համար»։










