«Շարունակելու ենք պայքարը». Սաակաշվիլին ընտանիքին փոխանցել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է (լուսանկարներ)

17:12 • 05.12.17

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, որը դեկտեմբերի 5-ի առավոտյան բերման էր ենթարկվել Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, սակայն ավելի ուշ աջակիցների ջանքերի շնորհիվ դուրս բերվել ուժայիններին պատկանող միկրոավտոբուսից, հեռախոսազանգի ժամանակ դիմել է ընտանիքի անդամներին ու ասել, որ իր հետ ամեն ինչ կարգին է:

Ինչպես նշում է ria.ru-ն, բացի այդ, քաղաքական գործիչն ասել է, որ մտադիր է շարունակել իր պայքարը:

«Ուզում եմ ասել մորս, Սանդրային (կինը-Tert.am) ու Նիկուշային (որդին-Tert.am), որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Վաղ թե ուշ մենք կմաքրենք բոլոր հաշիվներն օլիգարխների հետ, ինչպես որ արեցինք Վրաստանում, նույնն անելու ենք նաև Ուկրաինայում: Այս մարդիկ չեն հասկանում՝ ում հետ գործ ունեն: Տեսեք, թե ինձ ինչպես են աջակցում ուկրաինացիները: Մենք շարունակում ենք պայքարը»,-«Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի առավոտյան նրա կիևյան բնակարանում խուզարկություն է անցկացվել, ինչի պատճառով քաղաքական գործիչը բարձրացել է 8-հարկանի բնակելի շենքի կտուր ու սպառնացել ցած նետվել: Ավելի ուշ նա բերման է ենթարկվել ուժայինների կողմից ու նստեցվել միկրոավտոբուս: Սակայն աջակիցների մեծ խումբը թույլ չի տվել, որ Սաակաշվիլիին տանեն: Նրանք կոտրել են մեքենայի հետևի դուռն ու ապակիները՝ դուրս բերելով քաղաքական գործչին:

Միկրոավտոբուսից ազատված Միխեիլ Սաակաշվիլին ամբոխի առաջ ելույթի ժամանակ կոչ է արել ուկրաինացիներին խաղաղ ցույց անելու նպատակով դուրս գալ «մայդան» ու պաշտոնանկ անել գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

«Այսօր Պորոշենկոյի հանցախումբը կեղծ մեղադրանքների հիման վրա փորձում է ձերբակալել ինձ, որպեսզի կարողանա վտարել ինձ Ուկրաինայից: Հանուն Ուկրաինայի ազատության պատրաստ եմ կյանքս զոհել: Ուզում եմ կոչ անել բոլոր կիևցիներին հենց այսօր փողոց դուրս գալ, հավաքվել «մայդանում» ու սկսել Ուկրաինան Պորոշենկոյից ու նրա հանցախմբից ազատագրելու գործընթացը»,-ասել է Սաակաշվիլին:


Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: Իրավապահները մտադիր են հարցաքննել քաղաքական գործչին:


Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը: