Սեֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման. դատավճիռը կբողոքարկվի
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով անցնող Արթուր Մովսիսյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, մեղադրող դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում: Դատավճիռը բողոքարկվելու է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Մովսիսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
Արթուր Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015-ի նոյեմբերից մինչև 2016-ի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ընդգրկված լինելով Ժիրայր Սեֆիլյանի կողմից ստեղծված, զինված կազմակերպված խմբի կազմում, ապօրինի կերպով իր բնակարանում պահել և այնուհետև խմբի մյուս անդամներին է փոխանցել ապօրինի կերպով ձեռք բերված հրազեն և ռազմամթերք:
Նա այդկերպ նպատակ է ունեցել կազմակերպված խմբով, զենքի գործադրմամբ, զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր և շինություններ, սակայն գիտակցելով հանցագործությունն ավարտին հասցնելու իրական հնարավորությունը, կամովին հրաժարվել է ինչպես ենթախմբին անդամակցելուց, այնպես էլ հանցագործությունն ավարտին հասցնելուց:
Նա մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու մեջ:
Պապիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալին դատապարտելու հիմքեր դատարանը չի ունեցել. «Նրան մեղավոր ճանաչելու համար ո՛չ իրավական, ո՛չ փաստական հիմքեր չկային: Եթե անգամ դատավորը որևէ հիմք է գտել նրան դատապարտելու համար, ապա գոնե մեղադրանքը պետք է հիմնավորվեր 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից, ոչ թե 3-րդ մասով նախատեսված՝ արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից: Դատարանին պետք էր, որ մեղադրանքը հիմնավորված մնար հենց 3-րդ մասով, որպեսզի Սեֆիլյանի գործով մեղադրանքի հիմքերը չթուլանային»:
Արայիկ Պապիկյանն ասաց, որ դատավճիռը բողոքարկվելու է:
Նշենք, որ դատական նիստերի ընթացքում Արթուր Մովսիսյանը հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում, իսկ Սեֆիլյանին չի ճանաչում:










