Կիևում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Սաակաշվիլիի աջակիցների դեմ

14:28 • 05.12.17

Կիևում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցների դեմ, որոնք արգելափակել են միկրոավտոբուսը, որի մեջ գտնվում է ձերբակալված քաղաքական գործիչը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Դեպքի վայր են ժամանել Ազգային գվարդիայի ուժերը: Մարտիկներն արգելափակել են մետրոյի կողմից դեպի միկրոավտոբուս Սաակաշվիլիի աջակիցների ճանապարհը:


Հաղորդվում է, որ Սաակաշվիլիի տան մոտ, որտեղ այսօր Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել և ձերբակալել քաղաքական գործչին, տեղի ունեցած բախումների հետևանքով կան վիրավորներ և՛ իրավապահների, և՛ ցուցարարների կողմից:


Ավելի վաղ հաղորդվել է, որ դեկտեմբերի 5-ին Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար: Իրավապահները մտադիր են հարցաքննել քաղաքական գործչին: