Time ամսագիրը հայտնել է ընթերցողների քվեարկությամբ «Տարվա մարդու» անունը

12:12 • 05.12.17

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Time ամսագրի ընթերցողների առցանց քվեարկության արդյունքներով «Տարվա մարդ-2017» է դարձել: Արքայազնի օգտին է քվեարկել ընթերցողների 24 տոկոսը:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավորի և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ վերին իշխանական օղակներում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված լայնածավալ արշավի շրջանակում: Ավելի ուշ հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել և հարցաքննվել է 208 մարդ:


Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներին և գործարարներին պետությանը հանձնել իրենց կարողության և բիզնեսների մի մասը՝ ազատության դիմաց: 


Երկրորդ տեղում են հայտնվել #MeToo արշավի մասնակիցները, որոնք պատմել են, որ դարձել են սեռական ոտնձգությունների զոհ: Նրանք ստացել են քվեարկողների 6 տոկոսի ձայնը:


Հինգ տոկոս ձայնով երրորդ տեղը կիսել են ամերիկյան ֆուտբոլի խաղացող Քոլին Կապերնիկը, «ՌԴ-ի գործով» ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը և «Երազողները» (Dreamers)՝ երիտասարդներ, որոնց ԱՄՆ են բերել անօրինական ճանապարհով ժամանած նրանց ծնողները:


Անցած տարի ընթերցողների քվեարկության արդյունքներով տարվա մարդ էր դարձել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:


Ամսագրի ընթերցողների ընտրությունը, որպես կանոն, տարբերվում է խմբագրության որոշումից:


Ամսագիրը կհայտարարի «Տարվա մարդ» տիտղոսի արժանացած մարդու անունը դեկտեմբերի 6-ին: