Բանգլադեշն անմարդաբնակ կղզի կտեղափոխի 100 հազար ռոհինջա մահմեդականի
Բանգլադեշի իշխանությունները հաստատել են Մյանմայից մոտ 100 հազար ռոհինջա փախստականի Բենգալյան ծոցում գտնվող անմարդաբնակ Տենգար Չար կղզի տեղափոխելու պլանը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ այս պլանն ի կատար ածելու համար Բանգլադեշի կառավարությանը կպահանջվի 278 միլիոն դոլար, և այն պետք է իրականացվի մինչև 2019 թվականի նոյեմբեր:
Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ «մոտ ժամանակներս» իրենք շինարարություն կսկսեն Տենգար Չար կղզում, որն այժմ անմարդաբնակ է համարվում:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց հերթին քննադատության են ենթարկել փախստականների տեղափոխման պլանը և ասել, որ Բանգլադեշի իշխանությունները վտանգի տակ են դնում ռոհինջաների անվտանգությունն ու բարեկեցությունը:
Բանգլադեշի իշխանությունները, պատասխանելով իրավապաշտպանների քննադատությանը, կենսապայմանների հետազոտություն են արել կղզում, որի արդյունքները ցույց են տվել, որ կղզին կարող է բնակելի լինել հատուկ աշխատանքների անցկացման դեպքում:
Հիշեցնենք, որ այս տարի ավելի քան 620 հազար ռոհինջաներ Մյանմայից փախել են Բանգլադեշ: Լայնածավալ տեղափոխության պատճառ է դարձել Ռակհայն նահանգում մահմեդականների և Մյանմայի բնակիչների միջև տարիներ շարունակ հասունացող հակամարտության սրացումը:











