Եվրոպայի խորհուրդը դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ

13:36 • 06.12.17

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ երկրի իշխանությունների կողմից 2014 թվականի ՄԻԵԴ-ի որոշմամբ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջը չկատարելու պատճառով: Այդ մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայությունը:


Կոմիտեն պաշտոնապես խնդրել է ՄԻԵԴ-ին որոշել, թե արդյոք Ադրբեջանը կատարել է այդ գործով դատարանի որոշումն իրականացնելու վերաբերյալ իր պարտավորությունները:


2014 թվականին ՄԻԵԴ-ը վճռել է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալությունը և երկարատև կալանքը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդվածները:


2017-ի հոկտեմբերի վերջին նախարարների կոմիտեն պատմության մեջ առաջին անգամ որոշում է կայացրել սկսել 2010 թվականին սահմանված գործընթաց, որի համաձայն գործը կարող է վերադարձվել ՄԻԵԴ՝ պարզելու համար, թե արդյոք դրա չիրագործումը կոնվենցիայի ևս մեկ խախտում է:


Այսպիսով՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կատարել է ավելի վաղ տված խոստումը՝ առաջին անգամ գործնականում՝ Ադրբեջանի նկատմամբ կիրառելով Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի 4-րդ կետը (հոդվածը պարտավորեցնում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին պահպանել կոնվենցիան), ինչը ՄԻԵԴ-ի վճիռների իրագործման վերահսկողության կոմիտեի լիազորությունների շրջանակում ամենախիստ միջոցն է:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն տեղեկացրել է Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չկատարելու առնչությամբ, և Ադրբեջանի իշխանություններին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ տվել ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու համար:


Մամեդովը ձերբակալվել է 2013 թվականի փետրվարին և մեղադրվել Ադրբեջանում անկարգությունների կազմակերպմանն աջակցելու համար:


ՄԻԵԴ-ը 2014 թվականի մայիսին վճռել է, որ Մամեդովի ազատազրկումը խախտում է նրա իրավունքները և միտված է նրան լռեցնելուն կամ իշխանությանը քննադատելու համար պատժելուն, ինչը խախտում է կոնվենցիայի 18-րդ հոդվածը: Եվրոպայի խորհուրդը նշել է, որ Մամեդովը միակ նման քաղբանտարկյալն է, որն ազատ չի արձակվել ՄԻԵԴ-ում նման հաղթանակ տանելուց հետո: Մինչ օրս ՄԻԵԴ-ը միայն հինգ հոգու առնչությամբ է ընդունել 18-րդ հոդվածի խախտումը և բոլոր այդ դեպքերում, բացառությամբ Մամեդովի, հայցվորներն ազատ են արձակվել: Վճռի կայացումից ավելի քան երեք տարի անց նա դեռ մնում է բանտում:


Դեռևս գարնանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գևորգ Կոստանյանը հարց էր բարձրացրել այն մասին, որ Ադրբեջանը սկզբունքորեն և հետևողականորեն հենց իր տարածքում խախտում է իր քաղաքացիների իրավունքները և Իլգար Մամեդովը, որն ըստ ՄԻԵԴ վճռի ակնհայտ ապօրինի կալանավորվել է ու դատապարտվել, պետք է անմիջապես ազատ արձակվեր, սակայն Ադրբեջանը 3 տարի շարունակ հրաժարվում է այս վճիռը կատարելուց: