ՊՊԾ գունդը զավթելու և ոստիկաններին սպանելու մեջ մեղադրվողները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներից Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի քրեական գործով նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ։
Այսօրվա դատական նիստին ամբաստանյալները իրենց կարծիքն են հայտնում իրենց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:
Երկու ամբաստանյալները՝ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, ովքեր մեղադրվում են նաև սպանություն կատարելու մեջ, իրենց առաջադրված մեղադրանքները չընդունեցին:
Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք: Այնուհետև զենքի գործադրմամբ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ , ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, հափշտակել է հրազեն ու ռազմամթերք։
Բացի այդ, հիշյալ հանցանքների կատարումը հեշտացնելու նպատակով, զուգորդված պատանդ վերցնելով, հրազենային վիրավորմամբ, դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկել է ծառայողական գործողություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակցին, կազմակերպված խմբի կազմում բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14 մլն 808 հզր ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, իսկ հանցավոր գործողությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին, երբ կամովին ազատել է զավթած շենքերը և շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։
«Մեղադրանքի իրավաբանական որակումը Ձեզ պա՞րզ է, թե ոչ, առաջադրված մեղադրանքում Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե ոչ»,-Բիլյանին հարցրեց դատավորը:
«Էդ հեքիաթի հետ համամիտ չեմ, մեղադրանքը չեմ ընդունում, ես ապստամբել եմ ու նորից եմ ապստամբելու: Ինչո՞ւ եմ արել, լավ եմ արել, որովհետև 1,5 մլն մարդ հեռացել է իմ հայրենիքից»,-ասաց Բիլյանը:
Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Գործով մյուս ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք: Այնուհետև կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ: Նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց:
Նա մեղադրվում է նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցներին սպանելու մեջ, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016թ. օգոստոսի 31-ին, երբ կամովին ազատել է զավթած շենքերը և շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։
Դատավորի հարցին,թե պա՞րզ է առաջադրված մեղադրանքն ու իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, Սմբատ Բարսեղյանն ասաց. «Նախ չենք հրաժարվել մեր պահանջներից: Իհարկե չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը»:
Սմբատ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 11-րդ կետերի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:
Դատական նիստը շարունակվում է, ամբաստանյալները շարունակում են հայտնել իրենց կարծիքներն իրենց առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:










