Նեթանյահուն արգելել է կառավարությանը մեկնաբանել Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի սպասվող որոշումը

13:02 • 06.12.17

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն արգելել է երկրի կառավարության անդամներին հանդես գալ Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող որոշման վերաբերյալ մեկնաբանություններով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նախարարներից մեկին:


Իսրայելի բնապահպանության, Երուսաղեմի գործերով ու ազգային ժառանգության հարցերով նախարար Զեև Էլկինը հայտարարել է, որ երկրի ղեկավարի խնդրանքով նախարարները հանդես չեն գալիս այդ թեմայի վերաբերյալ մեկնաբանություններով:


Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Թրամփը դեկտեմբերի 6-ին Երուսաղեմը ճանաչելու է Իսրայելի մայրաքաղաք:


Պաղեստինյան կողմը, ինչպես նաև մի շարք երկրներ արդեն հայտարարել են, որ Երուսաղեմի ճանաչումը կբերի արաբա-իսրայելական հակամարտության սրման և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման:


ԱՄՆ Կոնգրեսը դեռ 1995 թվականին ընդունել է Թել Ավիվից Երուսաղեմ դեսպանատան տեղափոխման մասին օրենքը: Բայց քաղաքի վիճահարույց կարգավիճակի և արաբա-մուսուլմանական աշխարհի հետ այդ խնդրի զգայունության պատճառով բոլոր ամերիկացի նախագահները, այդ թվում՝ Թրամփը, յուրաքանչյուր կես տարին մեկ ստորագրում են փաստաթուղթ, որը հետաձգում է այդ որոշման իրագործումը: Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում պետք է երկրորդ անգամ ստորագրեր փաստաթուղթը երկուշաբթի օրը: