Կիևում ուժայինները Սաակաշվիլիին գտնելու նպատակով գրոհել են վրանային ճամբարը, սակայն նրա վրանը շփոթելով՝ հետ քաշվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ուկրաինայի ոստիկանությունը չորեքշաբթի առավոտյան փնտրել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Գերագույն ռադայի շենքի մոտակայքում տեղակայված վրանային ճամբարում և փորձել գրոհով վերցնել այն, ինչի հետևանքով իրավապահների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է УНИАН-ը:
Վաղ առավոտյան՝ ժամը 6:00-ին իրականացված գործողության ընթացքում իրավապահները մտել են ճամբար, բայց հանդիպել են ցուցարարների դիմադրությանը: Մի շարք բախումներից հետո իրավապահները հետ են քաշվել:
Սաակաշվիլին Facebook-ում գրել է, որ ոստիկանները ցանկանում էին իրեն դուրս հանել վրանից, բայց շփոթել են վրանները և հարձակվել այլ վրանի վրա, որտեղ քնած ակտիվիստներ են եղել, և դաժան ծեծի են ենթարկել մարդկանց: Իրավապահները բախումների ժամանակ արցունքաբեր գազ են կիրառել:
Սաակաշվիլիի աջակիցների շրջանում հաղորդվում է վիրավորների մասին:
Նշվում է, որ այժմ Սաակաշվիլիի աջակիցները բարիկադներ են կառուցում:
Սաակաշվիլին այժմ գտնվում է «Կիև» հյուրանոցում՝ հսկողության տակ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին:
Սաակաշվիլիի տան մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով վիրավորներ են գրանցվել և՛ իրավապահների, և՛ ցուցարարների կողմից:
Նշվել է, որ Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը:













