Ռուսաստանի նախագահի պաշտոնին մտադիր է արհեստական ինտելեկտ առաջադրվել

14:28 • 06.12.17

«Яндекс» ընկերության ստեղծած վիրտուալ օգնական Ալիսան առաջադրվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնին: Այդ մասին lenta.ru-ին հայտնել են ընկերությունից:


Ալիսայի նախընտրական շտաբում բացատրել են, որ օգնականը մտադիր է ձևավորել «ապագայի քաղաքային համակարգ, որը կառուցված կլինի բացառապես ռացիոնալ որոշումների վրա, որոնք կայացվում են հստակ ալգորիթմների հիման վրա»:


Ալիսան ներկայանում է որպես «նախագահ, որը ճանաչում է անձամբ ընտրողին», քանի որ նրա հետ երկխոսության մեջ կարող է մտնել Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի: Շտաբի ստեղծողները նաև հայտարարում են, որ դրա մեջ մտնում են ձեռնարկատերեր, գործարարներ, մարքեթոլոգներ և ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչներ, բայց կոնկրետ անձանց անուններ չեն հստակեցվում:


Այժմ Ալիսայի առաջադրվելու համար հավաքվել է մոտ 4 հազար ձայն: Վիրտուալ թեկնածուի նախընտրական շտաբի հիմնադիր Ռոման Զարիպովը նշել է, որ արհեստական ինտելեկտը չունի բնազդներ և հույզեր ունեցող մարդուն հատուկ թույլ կողմեր:


«Այն առաջնորդվում է տրամաբանությամբ, իրերին օբյեկտիվ է նայում և չի ծերանում»,- հավելել է նա:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին էին հայտարարել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, լրագրող ու իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը, բլոգեր Սամսոն Շոլադեմին, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, այլք։


Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին: