«Կաջակցե՞ք իմ թեկնածությանը». Պուտինն ընտրություններին մասնակցության մասին հարց է հղել դահլիճում հավաքվածներին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հարցին, գրում է gazeta.ru-ն։
«Դա միշտ ցանկացած մարդու համար շատ պատասխանատու որոշում է»,- ասել է ՌԴ նախագահը «Ռուսաստանի կամավորական» մրցանակի հանձնման արարողությանը:
Այդ առնչությամբ նա դիմել է կամավորականներին հարցով, թե արդյոք նրանք կաջակցեն իր թեկնածությանը:
Դահլիճում հավաքվածները պատասխանել են «Այո» գոչյուններով:
Ի պատասխան՝ Պուտինը շնորհակալություն է հայտնել կամավորականներին և խոստացել մոտ ժամանակներս որոշում կայացնել ընտրություններին իր մասնակցության մասին՝ հաշվի առնելով նրանց կարծիքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին էին հայտարարել հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, լրագրող ու իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը, բլոգեր Սամսոն Շոլադեմին, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, այլք։
Նշենք, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները կայանալու են 2018 թվականի մարտի 18-ին:










