Սաակաշվիլիի աջակիցները սպառնացել են գնալ գլխավոր դատախազի տուն՝ իրենց վրանային ճամբարի վրա նոր հարձակման դեպքում (տեսանյութ)

15:13 • 06.12.17

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցները սպառնացել են գնալ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի տուն, եթե ուժայինները կրկին փորձեն հարձակվել վրանային ճամբարի վրա: Այդ մասին հայտարարել է Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ պատգամավոր Յուրի Դերևյանկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Հարգելի պարոն Լուցենկո, մարդիկ ինձ խնդրել են փոխանցել, որ եթե ևս մի անգամ թափվի Գերագույն ռադայի առաջ գտնվող խաղաղ ուկրաինացիների արյունը, բոլորը կգան ձեր տուն»,- ասել է Դերևյանկոն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:


Նա խնդրել է ուժայիններին «չսադրել մարդկանց»:


Այսօր առավոտյան իրավապահները Սաակաշվիլիին գտնելու համար այցելել են վրանային ճամբար, սակայն նրա աջակիցները դիմադրություն են ցույց տվել, և բախումներ են տեղի ունեցել: Ցուցարարների խոսքերով՝ վնասվածք է ստացել ութ ակտիվիստ:


Համացանցում հայտնվել է բախումների տեսանյութը:


Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով:


Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: