Եթե նախկինում ՀՀ-ի տարածքը թերագնահատվել է երկրաշարժի տեսանկյունից, ապա 88-ից հետո վերանայվեցին մոտեցումները. հիմա ունենք ավելի բարձր վտանգի մակարդակ. Զ. Խլղաթյան
Ճապոնացի մասնագետների և Հայաստանի սեյսմիկ ազգային ծառայության մասնագետների կարծիքով՝ երկրաշարժի դեպքում Երևան քաղաքի շենքերի միայն 40 տոկոսը կունենա մասնակի փլուզումներ:
Այս մասին «Մեդիա կենտրոնում» կայացած «Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ- ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը՝ անդրադառնալով Երևանի ռիսկայնության խնդրին:
Նա տեղեկացրեց, որ ճապոնական «Ջայկա» կազմակերպության հետ Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատման հիմնական բաղադրիչները բազմաբնակարան շենքերն էին, որոնք Երևանում մոտ 4700-ն են: Այդ շենքերը պետք է տարաբաժանել տիպերի: Տիպերը կախված են կառուցապատման տարեթվից, կիրառված նյութերից, կոնստրուկտիվ առանձնահատկություններից, հարկայնությունից, և անպայման շահագործման պայմաններից և գտնվելու վայրից:
«Մայրաքաղաքը ստվարաշերտի կամ գրունտների առումով կարելի է բաժանել 3 հիմնական խմբի՝ ուժեղ գրունտներ կամ ժայռային գրունտներ՝ Նորքի զանգվածի մասում է, երկրորդ կարգի գրունտներ՝ քաղաքի կենտրոնական մասում է, երրորդ կարգի գրունտներ, որ ընկնում է Աերացիայի տարածքից ներքև»,-նշեց սեյսմակայունության կենտրոնի պետը:
Ըստ նրա տվյալների՝ երրորդ կարգի գրունտների վրա կառուցված ճկուն տիպի շենքերը կարող են երկրաշարժի ժամանակ ենթարկվել ռեզոնանսի և ավելի մեծ վնասվածքներ ստանալ: Այս տարաբաժանումով հավանաբար ենթադրվել է, որ նման տիպի գրունտներում կառուցված ճկուն շենքերի 20 տոկոսը կարող են դիմակայել երկրաշարժին:
«Մի հայտնի ճշմարտություն ասեմ. 88-ին Լենինական քաղաքում կառուցված 116 սերիայի 13 շենք ամբողջովին կամ մասնակի փլուզվեցին: Վանաձոր քաղաքում կառուցվածքները ստացան երկրորդ աստիճանի վնասվածք: Այստեղից հետևություն, որ նույն տիպի, նույն որակի կառուցված շենքը՝ կախված տեղանքի գրունտային պայմաններից, կարող է ենթարկվել այս կամ այն սեյսմիկ վնասվածքների»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ եթե նախկինում Հայաստանի տարածքը թերագնահատվել է երկրաշարժի տեսանկյունից, ապա Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեցին մոտեցումները, և մենք հիմա ունենք ավելի բարձր վտանգի մակարդակ:










