Մեղրու ազատ տնտեսական գոտում 130-150 մլն դոլարի ներդրում կիրականացվի, կբացվի 1500 աշխատատեղ. նախարար
Այսօր Կառավարության նիստի ընթացքում գործադիր մարմնի հավանությանն արժանացավ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նախագիծը, համաձայն որի՝ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչվեց, և հաստատվեց կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին նախագիծը:
Նախագիծը գործադիրի հավանությանը ներկայացնող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասաց, որ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը:
Նրա խոսքով՝ ԱԳՏ-ի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, իսկ գործունեության ժամկետը 50 տարի է:
«Առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություն, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրում, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ, իսկ արտահանման ծավալները կկազմեն 350 մլն դոլար»,- ասաց նախարարը:
Նշենք, որ ընկերության 100% բաժնետոմսերի փաթեթը տնօրինվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից:










