Նեապոլիտանական պիցցայի պատրաստման ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

15:02 • 07.12.17

Ամբողջ աշխարհում մեծ ճանաչում վայելող նեապոլիտանական պիցցայի պատրաստման ավանդույթը ներառվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ինչպես նշում է ria.ru-ն, համապատասխան որոշումը կայացվել է Հարավային Կորեայում անցկացվող Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նստաշրջանի ժամանակ:

Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին այս կապակցությամբ նշել է, որ 2018թ. ընդառաջ նեապոլիտանական պիցցայի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների ցանկում ներառումը ձեռքբերում է և՛ Նեապոլի, և՛ ամբողջ Իտալիայի համար, քանի որ եկող տարին երկրի իշխանությունները հայտարարել են իտալական խոհանոցի տարի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կողմից ներկայացված տոլմա ճաշատեսակի պատրաստման ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդգրկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: 

Քամանչայի կատարողական արվեստը և այդ երաժշտական գործիքի պատրաստումը նույնպես ներառվել է ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես Ադրբեջանի և Իրանի մշակույթի նմուշ: 

Հայաստանի կողմից ներկայացված քոչարին ևս ընդգրկվել է մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: