Առաջարկվում է ԱԱՀ վերադարձի ժամկետը կրճատել 3 անգամ. ԱԺ-ում քննարկվում է «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը (ուղիղ)
ԱԺ-ն քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող, տնտեսական զարգացան և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ավելացված արժեքի հարկի վերադարձը արտահանողներին ավելի քան 90 օր ուշացնելու դեպքում տույժեր են սահմանվում՝ հօգուտ հարկ վճարողի։
Ըստ փոխնախարարի՝ ուսումնասիրել են բազմաթիվ երկրների փորձը՝ այդ ժամկետը չի գերազանցում 30 օրը:
«Հետևաբար՝ այս առաջարկությամբ ժամկետը փոխարինվում է 30 օրով: Սա բարենպաստ փոփոխություն է ի նպաստ բիզնես միջավայրի»,-ասաց նա:
Հարակի զեկույցով հանդես եկավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը, ով նշեց, որ միանշանակ օրենքը միտված է տնտեսվարող սուբյեկտների մոտ շրջանառու միջոցների հնարավորությունն ընդլայնելուն, բանկերին ավելի քիչ դիմելուն՝ 90 օրը կրճատելով 30 օրվա:
«Մենք լավ հնարավորություն ենք տալիս տնտեսվարող սուբյեկտներին իրենց ֆինանսական միջոցներն ավելի ռացիոնալ տիրապետելու համար»,-ասաց նա և նշեց, որ միաձայն որոշում է կայացվել տնտեսական հանձնաժողովում:










