Վերջին անգամ ԱԺ ներկայացվեց ՀՀ վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը (ուղիղ)
ԱԺ-ն քննարկում է «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության տարեկան ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը: ՎՊ նախագահ Լևոն Յոլյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխության համաձայն՝ 2018թ. ապրիլից ՎՊ-ն դառնում է Հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ նախատեսված վերահսկողության փոխարեն հաշվեքննություն կներկայացնի:
Ըստ այդմ էլ՝ Յոլյանը նշեց, որ ՎՊ տարեկան ծրագիրը ԱԺ ներկայացվում է վերջին անգամ, քանի նոր Սահմանադրությամբ Հաշվեքննիչ պալատն այսուհետ ինքն է հաստատելու հաշվեքննության թեմաները:
ՎՊ նախագահը նշեց, որ 2018թ. նախագծում ընտրել են մի քանի առանձին ոլորտներ, որտեղ համալիր ուսումնասիրություն են նախատեսում:
«Համալիր ուսումնասիրությունը հանրությանը և օրենսդիր մարմնին հնարավորություն կտա օրինականության և արդյունավետության մասին տեղեկություն ստանալ, անկախ նրանից՝ այն իրականացվել կամ իրականացվելու է միջազգային դրամաշնորհներո՞վ, թե պետբյուջեից: Նման մոտեցումն ավելի համակարգային կլինի և արդյունքում բոլոր ծրագրերի ընթացքի վերաբերյալ կունենանք համապարփակ պատկեր»,-ասաց նա:
Ըստ Լևոն Յոլյանի՝ 2018թ. տարեկան ծրագրի նախագծում ՎՊ խորհրդի բոլոր անդամների առաջարկությունների հիման վրա ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էներգետիկայի նախարարությունը, ԱԻՆ-ը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Կառավարության առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչությունը:
«Թեմաներն ընտրելիս հաշվի ենք առել վերահսկողության ժամանակագրությունը, ծավալներն ու ռիսկերը»,-ասաց նա:
Յոլյանը նշեց, թե կքննարկվի նաև ՎՊ-ի մասին օրենքի նախագիծը և պարզ կլինի՝ ինչ նոր գործիքներ է կիրառելու հաշվեքննության համար:
Լևոն Յոլյանին հարցով դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը. «Ինչպես ասացիք, 2018 ապրիլից ՎՊ-ն դառնում է Հաշվեքննիչ պալատ, որն էլ հաշվեքննություն է կատարելու նախարարություններում: Այս պահի դրությամբ ի՞նչ տեսակի հաշվեքննություն եք դիտարկում»,-հարցրեց նա:
ՎՊ նախագահն ասաց, որ հստակ պլանավորում չկա: ՎՊ-ի համար վերահսկողությունը երեք տեսակի էր՝ ֆինանսական, համապատասխանության և կատարողական:
«Դա կորոշենք ապրիլինի 9-ին, մինչ այդ գործող օրենքով կշարժվենք»,-ասաց նա:










