Չպետք է այդքան ծայրահեղացնել. Կարինե Աճեմյանը՝ Հակոբ Հակոբյանի հրաժարականի պահանջի մասին
Գործընկերներս հասուն մարդիկ են, և ամեն մեկն իր տեսակետն արտահայտելու իրավունք ունի. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությանը, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Իսկ ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ նշել էր, որ միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները, միևնույն է, չեն կարող միս գնել:
Ինչ վերաբերում է կոնկրետ գնաճին, ապա Աճեմյանի կարծիքով՝ դժվար թե մեկը գտնվի ՀՀ-ում, որ իր վրա չզգա գնաճը:
«Որովհետև մենք ապրում ենք նույն երկրում և ամեն ինչ մեր մաշկի վրա զգում ենք, պարզապես կա խնդիր. ընդհանրապես միջազգային շուկաներում բազմաթիվ մթերքների, իրերի արժեքները բարձրանում են, և տնտեսական խնդիրների հետ կապված, հնարավոր է, որ մեր երկիրը չի կարողանում զսպող դերակատարություն ունենալ։ Դա այլ խնդիր է, բայց այն, որ սա բոլորիս գրպանին է հարվածում և բոլորս զգում ենք մեր իսկ մաշկի վրա, դա ակնհայտ է»,-ասաց նա:
Հարցին, թե ՀՀԿ-ական պատգամավորն ինչպե՞ս վերաբերվում սոցցանցերում ստեղծված նախաձեռնություններին, որոնք պահանջում են ՀՀԿ-ականներից մանդատը վայր դնել, Կարինե Աճեմյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ և չեմ կարծում, որ մարդու տեսակետը լսելու դեպքում պետք է այդքան ծայրահեղացնել որևէ խնդիր: Ես կրկնում եմ՝ յուրաքանչյուր պատգամավոր՝ անկախ իր կուսակցական պատկանելությունից, իր տեսակետը հայտնելու ազատություն ունի և օգտվում է այդ իրավունքից, կարող են և լինել տարբեր տեսակետներ: Սա է խնդիրը. ես արդեն իմ տեսակետը հայտնեցի, բայց մեկնաբանել որևէ մեկի տեսակետը՝ ես համարում եմ ոչ կոռեկտ»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ միայն Հայաստանին է հատուկ նախատոնական գնաճը, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Դա մտածելակերպի, գիտակցության հետևանք է, շատ երկրներում, այո, գները նվազում են տոներից առաջ, բայց դա ո՛չ իշխանության, և ո՛չ էլ մեկ այլ ուրիշի խնդիրն է: Եթե մենք որևէ տեղ տեսնում ենք, որ մարդն իր ապրանքը վաճառում է շատ ավելի բարձր գնով, և դա արվում է համատարած, այստեղ ո՞վ է մեղավոր: Ես կարծում եմ՝ հասարակության գիտակցության բարձրացման խնդիր պետք է ունենանք, որ մարդը չմտածի, որ եթե տոներ են, ուրեմ պետք է արագ հարստանա. սա մշակույթ է, որը պետք է ձևավորվի»:
Հարցին, իսկ խնդիրը գուցե մենաշնորհներո՞վ է նաև պայմանավորված, Աճեմյանը նշեց, թե ավելի շատ մարդկանց գիտակցությամբ է պայմանավորված:
«Եթե քո ապրանքն է, և ինքնարժեքը չի փոխվել, բայց դու մտածված բարձրացնում ես գները, դա նշանակում է, որ այստեղ անելիք ունի նախ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որպեսզի կարողանա կիրառել գործիքներ, որ նման երևույթ չլինի»,-նշեց նա:










