Էրդողանը Հունաստան այցի ընթացքում ապշեցրել է երկրի իշխանություններին՝ մի կողմ դնելով դիվանագիտական նրբանկատությունը. The Guardian

11:43 • 08.12.17

Թուրքիայի առաջնորդի այցը Հունաստան, որն ակնկալվում էր, որ շրջադարձային կլինի՝ հաշվի առնելով, որ սա վերջին 65 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի կողմից առաջին նման այցն է, վերածվել է «լեզվակռվի»: Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի կողմ է դրել դիվանագիտական նրբանկատությունն ու մի շարք «կարմիր գծեր» հատել, գրում է The Guardian-ը:


Մասնավորապես, Էրդողանը պատմական այցի առաջին օրը կոպտորեն երևան է հանել վաղուց մոռացված վեճերը, այդ թվում՝ 1923 թվականի Լոզանի համաձայնագիրը:


Ինքնաթիռից իջնելուց մեկ ժամ առաջ նա հեռակա կարգով վեճի է բռնվել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Նա հայտարարել է, որ Աթենքը երբեք չէր դառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց Անկարայի աջակցության: Էրդողանը նշել է, որ որպես դաշնակից՝ Հունաստանը պետք է աշխատի Լոզանի պայմանագրով ամրագրված՝ Թրակիայում մահմեդական փոքրամասնության կրոնական իրավունքների հետ կապված վիճակը բարելավելու համար:


«Այն պետք է վերանայվի»,- ասել է նա պայմանագրի մասին, որը տարիներ շարունակ կարգավորել է հույն-թուրքական հարաբերությունները և համարվում է տարածաշրջանային խաղաղության անկյունաքար:


Ակնհայտորեն զարմացած Պավլոպուլոսն արձագանքել է՝ հայտարարելով, որ պայմանագիրը բանակցությունների ենթակա չէ:


«Լոզանի պայմանագիրը սահմանում է Հունաստանի սահմաններն ու ինքնիշխանությունը, և այս պայմանագիրը բանակցությունների ենթակա չէ: Այն չունի թերություններ և վերանայման կամ փոփոխության անհրաժեշտություն չի պահանջում»,- ասել է Հունաստանի նախագահը:


Աթենքը հուսով էր, որ երկու երկրների միջև լարված հարաբերությունների ֆոնին երկօրյա այցը հարևանների միջև հարաբերությունները նոր փուլ կտեղափոխեր: Սեփական երկրում ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ Էրդողանի բռնաճնշումների միջազգային դատապարտումը լարվածություն է առաջացրել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ երկրի հարաբերություններում, և Թուրքիայի առաջնորդը սկսել է ավելի քիչ ուղևորություններ կատարել Արևմուտք: Հունաստանի իշխանությունները կարծում էին, որ կօգտագործեն այցը որոշակի հաշտեցման ձեռքբերման համար:


Էրդողանի այցը դարձել է Հունաստանի պատմության ընթացքում անվտանգության ամենամեծ գործողություններից մեկը. երկրի մայրաքաղաքում տեղակայվել է 2800 ոստիկան, տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել, գործի են դրվել ոստիկանական շներ, պայթուցիկների ոչնչացման մասնագետներ և թիկնապահներ: Էրդողանի այցի պատճառով Աթենքում կյանքը կանգ է առել:


Բայց Էրդողանը, շնորհակալություն հայտնելով Հունաստանին իրեն ընդունելու համար, շարունակել է իր սուր հռետորաբանությունը:


Վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ բանակցությունների ընթացքում էլ նա մեղադրել է հույներին օսմանյան պատմական վայրերը պատշաճ կերպով չխնամելու և մահմեդականներին երկրպագության համար համապատասխան վայր չտրամադրելու համար: Նա հավելել է, որ Կիպրոսը չի միավորվել, որովհետև հույն կիպրացիները շարունակել են մերժել «արդար և կայուն» կարգավորումը: Նա նաև մեղադրել է Հունաստանի իշխանություններին հույների և թուրքալեզու մահմեդական փոքրամասնության միջև առկա տնտեսական անհավասարության համար:


Բացի այդ, Էրդողանը հայտարարել է, որ Աթենքը պետք է վերադարձնի Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած ութ թուրք զինվորականներին, անգամ եթե երկրի արդարադատության համակարգն արգելափակել է նրանց վերադարձն այն հիմքի վրա, որ նրանց նկատմամբ չի լինի արդար դատավարություն:


Ապշահար Ցիպրասը կրկնել է, որ որպես ժողովրդավարության բնօրրան՝ Հունաստանը հարգում է երկրի արդարադատության համակարգի ընդունած որոշումները: