Հյուսիսային Կորեան պատրաստ է անմիջական բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է անմիջական բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ «միջուկային առճակատման» հարցով և հայտնել է, որ այդ ուղերձը փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հինգշաբթի Վիեննայում իրենց հանդիպման ընթացքում:
Այդ մասին հաղորդում է The Guardian-ը՝ նշելով, որ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական դիրքորոշումն այն է, որ երկխոսությունը կարող է սկսվել, երբ Հյուսիսային Կորեան ցույց տա որպես համապարփակ համաձայնության մաս իր միջուկային զինանոցից հրաժարվելու պատրաստակամությունը:
«Մենք գիտենք, որ Հյուսիսային Կորեան նախևառաջ ցանկանում է խոսել Միացյալ Նահանգների հետ իր անվտանգության երաշխիքների մասին: Մենք պատրաստ ենք աջակցել դրան, մենք պատրաստ ենք մասնակցել այդ բանակցությունների աջակցմանը: Մեր ամերիկացի գործընկերները, այդ թվում՝ Ռեքս Թիլերսոնը, տեղեկացել են այդ մասին»,- ասել է Լավրովը Վիեննայում միջազգային համաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին մի քանի ամսվա ընթացքում Հյուսիսային Կորեան իրականացրել է մի քանի բալիստիկ հրթիռների, ինչպես նաև ջրածնային ռումբի փորձարկում՝ անտեսելով ՄԱԿ-ի ու միջազգային հանրության կոչերը և նախազգուշացումները: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Հյուսիսային Կորեան: Մինչդեռ պաշտոնական Փհենյանը հակադարձել է՝ հայտարարելով, որ հաշված վայրկյանների ընթացքում իր հրթիռները կհասնեն ԱՄՆ ու մոխրի կվերածեն երկիրը:










