Փաստաթուղթը չեն հոտոտում, ամբողջությամբ հրապարակում են. Հայկ Ալումյանը՝ Նորք Մարաշի գործով դատախազին

15:02 • 08.12.17

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:

Այսօրվա նիստին հետազոտվում են գործում առկա ապացույցները:

Մեղադրող Գևորգ Սարգսյանը հրապարկում էր միայն գործում առկա փաստաթղթերի վերնագրերը, ինչի առարկեց Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Դատավորն ասաց, որ պաշտպանական կողմը որ փաստաթուղթը գտնում է, որ հրապարակման կարիք ունի, կարող է հրապարակել:

«Միջնորդում եմ դատավարական այս փուլը բաց թողնել, քանի որ վերնագրերը ներկայացնելու փուլ գոյություն չունի»,-ասաց Ալումյան:

Դատախազը հակադարձեց՝ ասելով, որ նախորդ նիստերին ասում էին, որ հակիրճ ներկայացնի, այժմ ասում են հակառակը. «Որ փաստաթուղթը, որ ուզում եք հրապարակվի, միջնորդեք՝ հրապարակեմ, ոչ մի տեղ գրած չէ, որ փաստաթուղթն ամբողջությամբ պետք է ընթերցեմ»:

Ալումյանն ասաց, որ ամբողջությամբ ընթերցելու մասին նշում արված չէ, որովհետև դրա կարիքը չկա. «Իրեղեն ապացույցը ոնց է, որ հետազոտում ենք, անհրաժեշտության դեպքում շոշափում, փաստաթուղթը կարդալու համար է, հո չեն հոտոտում կամ շոշափում, ամբողջությամբ հրապարակում են: Դատավարությունն աբսուրդի մի վերածեք»:

Նախագահող դատավորը դատախազին ասաց՝ շարունակեք, ինչի ի պատասխան Ալումյանը հարցրեց. «Ինչը շարունակի, վերնագրե՞րը, թե հրապարակելը»:

Դատախազը շարունակեց ընթերցել: Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: