Մելանյա Թրամփը խոստովանել է, որ Սուրբ Ծնունդը կցանկանար դիմավորել մարդկանցից շատ հեռու՝ անմարդաբնակ կղզում (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը խոստովանել է, որ կցանկանար Սուրբ Ծնունդն ու Ամանորը դիմավորել Վաշինգտոնից և, առհասարակ, մարդկանցից շատ-շատ հեռու՝ անմարդաբնակ կղզում:
«Կուզենայի տոներն անցկացնել անմարդաբնակ, արևադարձային կղզում՝ ընտանիքիս հետ»,-ասել է տիկին Թրամփն ի պատասխան 10-ամյա տղայի հարցին առ այն, թե առաջին տիկինն ուր կգնար, եթե ազատ ընտրության հնարավորություն ունենար:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնի մանկական հիվանդանոցում, որտեղ տիկին Թրամփը հանդիպել է բուժվող երեխաներին, զրուցել նրանց հետ ու գիրք կարդացել:
Երեխաները հանդիպման ժամանակ շատ անմիջական են եղել ու առաջին տիկնոջը բազմաթիվ հարցեր են ուղղել:
Պատասխանելով դրանց՝ Մելանյա Թրամփն ասել է, որ Սուրբ Ծնունդը նշելու ամենասիրած պահը տոնական պատարագին գնալն է, ընտանիքի հետ ընթրելն ու սիրելիների հետ ժամանակ անցկացնելը:
Նա նաև խորհուրդ է տվել փոքրիկներին տոնական սեղանի շուրջ նախապատվությունը տալ առողջ սննդին:
Երբ երեխաներից մեկը հետաքրքրվել է՝ ինչ է առաջին տիկինը խնդրել Սանտա Կլաուսից, նա պատասխանել է. «Սանտայից խնդրել եմ սեր, բարություն, առողջություն և խաղաղություն աշխարհին»:



















