Պաղեստինը կդիմի միջազգային դատարան՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու առնչությամբ
Պաղեստինը կդիմի միջազգային դատարան՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու առնչությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:
«Իհարկե»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պաղեստինը դիմելու է միջազգային դատարան:
Պաղեստինի դեսպանի խոսքով՝ նա հանդիպումներ է ունեցել ՌԴ ԱԳՆ-ում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցի առնչությամբ, և ռուսական կողմը հաստատել է իր դիրքորոշումը, որ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է, իսկ Արևմտյան Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաքը:
Նոֆալը նաև նշել է, որ ամերիկյան կողմի այդ գործողությունների առնչությամբ Պաղեստինն այլևս չի համարում ԱՄՆ-ն պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով խաղաղ գործընթացի մասնակից:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին:
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա:










