Ուկրաինայի ազգային ոստիկանությունը բացատրել է, թե ինչու դեռ չի ձերբակալել Սաակաշվիլիին
Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնյազևը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին մինչ այժմ չեն ձերբակալել, քանի որ դրա համար կան մի շարք իրավական գործընթացներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դրա համար կան մի շարք իրավական գործընթացներ, որոնք անհրաժեշտ է իրականացնել, մենք քաղաքակիրթ պետություն ենք… Հիմնական խնդիրը, որ ես դնում եմ Ազգային ոստիկանության աշխատակիցների առաջ, այն է, որ ցանկացած գործողություն պետք է լինի հավասարակշռված, չպետք է թափվի քաղաքացիների արյունը, դիմադրության ուժային մեթոդներից մենք պետք է հնարավորինս խուսափենք»,- ասել է Կնյազևն ի պատասխան հարցին, թե ինչ է անում ոստիկանությունը Սաակաշվիլիին ձերբակալելու համար:
Նա նաև խոստացել է առավելագույն ջանքեր գործադրել Սաակաշվիլիի ձերբակալության ժամանակ բախումներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներն ավելի վաղ խուզարկում են իրականացրել և ձերբակալել են Միխեիլ Սաակաշվիլիին: Այնուամենայնիվ, Օդեսայի շրջանի նախկին նահանգապետի աջակիցները որոշ ժամանակ անց կոտրել են Անվտանգության ծառայությանը պատկանող միկրոավտոբուսի հետևի դուռն ու ազատել քաղաքական գործչին: Այնուհետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ չի գնա Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մոտ հարցաքննության, քանի որ նրան ոչ լեգիտիմ է համարում: Նա քննիչներին հրավիրել էր Կիևում Գերագույն ռադայի մոտ տեղակայված վրանային պալատ և հայտարարել, որ պատրաստ է նրանց ընդունել այնտեղ։
Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը հայտնել է, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել երեք հոդվածով:










