Թուրք մտավորականները հրաժարվել են ներողություն խնդրել Արցախ այցելության համար. «Ակօս»
Թուրքիայի քաղաքացի հանդիսացող գրող Սայիթ Չեթինօղլուն, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն և Էրոլ Քաթըրջըօղլուն հերքել են 2017 թվականի սեպտեմբերին Արցախ այցելության համար իրենց նկատմամբ քրեական գործի հարուցման մասին տեղեկությունը, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:
«Ադրբեջանի կողմից սկսված հետաքննության շրջանակում մենք պատասխանել ենք Թուրքիայի արդարադատության նախարարության հարցումներին: Դրանով ամեն ինչ ավարտվել է: Մեր նկատմամբ քրեական գործ չեն հարուցել, և մեզ չեն հարցաքննել Արցախ այցելության համար»,- հայտնել են Թուրքիայի քաղաքացիները:
Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիները նաև նշել են, որ նամակ են հղել Ադրբեջանի ղեկավարությանը, որում բացատրել են այցի պատճառները:
«Նամակում մենք ներողություն չենք խնդրել երկրի ղեկավարությունից, մենք ընդամենը հայտնել ենք, որ հաճախ ենք այցելում հակամարտությունների գոտիներ՝ դեպքի վայրում իրավիճակին ծանոթանալու համար: Մենք չենք գրել այնպիսի բառեր, ինչպիսին է «ներողություն», «կներեք»: Մեզ այդ մասին խնդրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, բայց մենք հրաժարվել ենք»,- ասել են նրանք:
Հիշեցնենք, որ Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում:










