Ո՞վ է «սկզբունքային» «Ելք» ավագանու տերը. Մալյանը խնդիր է մատնանշում և արձագանքի սպասում, «Ելքից» շեշտում են՝ կաշկանդված չեն, բայց նա «վրեժ է լուծում Սուքիասյանից»
Գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանը Tert.am-ի հետ զրույցում բարձրաձայնում է՝ մայրաքաղաքի ամենամոդեռնիստական կառույցներից մեկի՝ «Ռոսիա» կինոթատրոնի շենքի արտաքին տեսքը աղավաղվում է՝ կից շինություններ են կառուցվում, իսկ առևտրականները դուրս են եկել տարածքից և հենց փողոցում իրականացնում են հագուստեղենի վաճառք: Մալյանը, հատկապես Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ուշադրությանն է հրավիրում, որպես նման խնդիրներին արագ արձագանքող ընդդիմադիր խմբակցություն:
«Քաղաքի կենտրոնում մենք իրավունք չունենք նման «չտես գյորմամիշական» ձևի շինություններ ու կառույցներ ունենալ: Ես «Ելք»-ի ավագանու ուշադրություն եմ հրավիրում խնդրին և սպասում ադեկվատ արձագանք: Ինձ համար որպես քաղաքացի ուղղակի հետաքրքիր է՝ իրենց համար դա նորմա՞լ է, ճի՞շտ է: Բացի այդ ինձ հետաքրքիր է «սկզբունքային» այդ ավագանու տերն ո՞վ է՝ այս կամ այն կլանի ներկայացուցի՞չը, թե քաղաքացու շահը»,-ասաց նա:
Նշենք, որ «Ռոսիա» կինոթատրոնի սեփականատերն է հանդիսանում գործարար Խաչատուր Սուքիասյանը այս հարցադրմամբ Նարեկ Մալյանը կասկած է հայտնում, որ Խաչատուր Սուքիասյանի հետ ունեցած կապերը «Ելքին» կաշկանդում են այդ խնդրին ևս անդրադառնալ և բարձրաձայնել:
Նարեկ Մալյանի խոսքով, իհարկե նման այլ շինություններ էլ կան, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ապամոնտաժել, քանի որ վաղուց են կառուցվել, սեփականատերերի խնդիր կա և այլն, մինչդեռ նոր կառույցների դեպքում ըստ նրա՝ հակաազդել կարող են:
Թե ինչո՞ւ է մտածում, որ «Ելքը» որևէ ձևով կաշկանդված է խնդրին անդրադառնալ, Մալյանը պատասխանեց, թե, իհարկե, ինքը չէր ցանկանա ընդհանրացնել: «Այստեղ խոսքը չի վերաբերում դաշինքի ավագանիների բոլոր անդամներին, որոնց շատ լավ ճանաչում եմ, նույն խմբակցության ղեկավարը՝ Դավիթ Խաժակյանը շատ սկզբունքային մարդ է, ու մնացած բոլորին: Այստեղ հարցը հետևյալն է, այդ սկզբունքայնությունը Տիգրան մեծ- Ագաթանգեղոս խաչմերուկից այն կողմ տարածվո՞ւմ է, թե ոչ, ես կարծում եմ և լիահույս եմ, որ տարածվում է»,-ասաց նա:
Իսկ թե գուցե՞ սեփականատերերի խնդրով է նա պայմանավորում, որ հնարավոր է անտեսվի, Մալյանը նշեց. «Ամենաքիչ մեղավորությունը դա Սուքիասյաններին է (սեփականատեր), ամեն մարդ կառուցում է իր ճաշակի, իր ուղեղի տրամագծին համապատասխան ինչ-որ մի բան, համենայն դեպս կառուցել ու փող աշխատելու սկզբունքով, ինչը նորմալ ձգտում է, կարծում եմ: Իհարկե, նորմալ չէ, որ ինքը թքած ունի ամբողջ քաղաքի տեսքի վրա, բայց խնդիրն ինքը չէ, խնդիրը բոլոր այն մարդիկ են, որոնք այդ շինարարությունը թույլ են տվել, աչք են փակել: Վերջիվերջո մեր երկում կա չէ՞ ցանկացած մարդու ճաշակի ու ախորժակի զսպման մեխանիզմներ և հիմա ուզում եմ տեսնեմ կա՞ այս դեպքում ևս, մեր քաղաքի կենտրոնում աշխատո՞ւմ են այդ զսպող մեխանիզմները»,-ասաց նա և նշեց, թե ավելին, ինքը չէ, որ Սուքիասյաններին այս խնդրում ներքաշել է:
Ի դեպ, Մալյանը պնդեց, թե գրավոր նամակ էլ կուղարկի Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը նրանց հստակ դիրքորոշումն իմանալու համար: «Հնարավոր է, որ գրառմամբ բավարարվեի, եթե լիներ ադեկվատ, բայց, քանի որ չկա ադեկվատություն, կփորձեմ ստանալ հարցերի պատասխան այլ եղանակով»,-ասաց նա՝ նկատի ունենալով ֆեյսբուքյան իր գրառմանը «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի արձագանքը։
«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցության անդամ Անի Խաչատրյանը տեսել է գրառումը և արձագանքել, որ կգան և տեղում կուսումնասիրեն: «Այո, ստացել ենք ահազանգը, բայց տեղում չենք նայել և նկարները իրենց տեսանկյունով բավարար չեն կարծիք կազմելու համար: Ես կարող եմ առհասարակ նման դեպքերում մեր դիրքորոշումն ասել, որն է՝ մայրաքաղաքի կենտրոնում պատմամշակութային հուշարձանի արտաքին ֆասադի պահպանումը մենք կարևում ենք և դա է մեր սկզբունքը նման դեպքերում, իսկ կոնկրետ այդ դեպքում ի՞նչ աշխատանք է տարվել, մենք տեղում կուսումնասիրենք , այս շաբաթ այդ աշխատանքը կկատարենք»,-ասաց նա:
Ըստ Խաժակյանի՝ անկախ սեփականատիրոջ իրենք որևիցե սահմանափակում չունեն խնդրի մասին բարձրաձայնելու: «Մենք կաշկանդված ենք միմիայն մեր սկզբունքներով՝ անկախ նրանից ո՞ւմ է պատկանում տարածքը, ո՞վ է աշխատանք կատարում, մեզ դա վերջին հերթին է հետաքրքիր: Մենք նայում ենք և մեր կարծիքը հայտնում»,-ասաց նա:
Իսկ թե միայն կարծիք հայտնելով կբավարարվե՞ն, եթե խնդիր տեսնեն, թե նաև կփորձեն ինչ-որ կերպ կանխել՝ «Ելք» ավագանու խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Մենք դադարեցման գործընթաց սկսում ենք այն ժամանակ, երբ կասկած ենք ունենում, որ տվյալ կառուցապատողը չունի շինթույլտվություն, կամ տարածքն իրեն չի պատկանում: Այդ դեպքում անմիջապես կանգնեցնում ենք և դեպք է եղել, որ տրակտորի վարորդը թողել, գնացել է: Բայց այս դեպքում կան փաստաղթեր, քաղշին թույլտվություն, խոսքը արտաքին տեսքը փչացնելու մասին է, և դրա շուրջ մենք կարող ենք մեր դժգոհությունը կամ գոհունակությունը հայտնել: Հասկանալի է, որ մենք լծակներ չունենք այդ ամենը կանխարգելելու համար, եթե արդեն իսկ թույլտվությունը տրված է: Մենք, որպես ընդդիմադիր խմբակցություն, կարող ենք այդ մասին բարձրաձայնել նիստի ժամանակ, լրատվամիջոցներով, բայց հասկանալի է, որ գործուն լծակներ չունենք, բայց դա չի նշանակում, որ մենք ուսումնասիրելուց հետո գործողությունների չենք դիմելու, պարզապես պետք է տեսնենք` ինչ է կատարվել»,-ասաց նա:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը Tert.am-ի հետ զրույցում հարցը բարձրացնելու միտում է տեսնում Մալյանի կողմից և նշում, թե որևէ խնդիր չկա, որպեսզի իրենք էլ չնկատեն:
«Փողոցում շարված կտորի՝ կոկա-կոլայի, պեպսի-կոլայի կրպակները վերցրել է, օրինական դիմել է քաղաքապետարան, շինարարության թույլտվություն ստացել և այդ մարդկանց տեղափոխել այդտեղ, ի՞նչ խնդիր կա այդտեղ»,-ասաց նա:
Հարցին, թե այսինքն՝ արտաքին ճարտարապետական տեսքը փչացնելու խնդիր չեն տեսնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ներողություն եմ խնդրում, դուք ուզո՞ւմ եք ասել, որ «Ռոսիա» կինոթատրոնը ճարտարապետական կոթո՞ղ է: Ես ձեզ ասում եմ որպես կառույցը շատ լավ ներսից և դրսից իմացող մեկը, դա ճարտարապետական անդուրություն է, որը Սովետական միության ժամանակ կառուցվել է և համապատասխան չէ այսօրվա շուկայական հարաբերություններին ու մթնոլորտին, ինչպես «Նաիրի» կինոթատրոնը, «Դվին» հյուրանոցը: Ես գիտեմ այդ կառույցների խնդիրները, նույն «Դվին» հյուրանոցը ցածր առաստաղների պատճառով հնարավոր չէ օդափոխություն անցկացնել, նույն Այրարատը ջեռուցման մեծ խնդիր ունի, որովհետև նախատեսվել է սովետական շրջանի համար, երբ տոմսերը ձրի էին, ջեռուցումն էլ ըստ պահանջի: Ավելին, այդ կառույցը պետք է գովեմ այն իմաստով, որ սեփականատերը չի քանդում և չի ոչնչացնում որպես այդպիսին, այլ փորձում է ինչ-որ ձևով հարմարացնել և գործարկել, ենթադրում եմ նաև կինոթատրոն էլ ներսում կաշխատի»:
Իսկ թե օրինակ Փակ շուկան էլ սովետական կառույց էր, ինչպես Այրարատ կինոթատրոնը, այն ևս արժեք չէ՞ր, Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Այդտեղ բոլորովին իմ ու ձեր կարծիքը չի կարևոր, կարևորը Մշակույթի նախարարության գնահատականով մշակութային արժեքն է, որը Փակ շուկան մտցրել է այդ ցանկի մեջ, իսկ Այրարատ կինոթատրոնը որևիցե կապ չունի և հուշարձան չի հանդիսանում ըստ Մշակույթի նախարարության: Բացի այդ, պետք է հասկանալ տարբերությունը՝ մենք խոսում ենք քանդվող Փակ շուկայի մասին, իսկ այս դեպքում ամրացվող և վերագործարկվող «Ռոսիա» կինոթատրոնն է: Որևիցե մեկը չի քանդել ու չի պատրաստվում քանդել և ճարտարապետական որևէ բան չի խախտվել: Դեռ ավելին՝ շինարարները համաձայնեցրել են կինոթատրոնը կառուցած ճարտարապետի հետ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Նարեկ Մալյանի գրառմանն ու մեկնաբանությանը, ապա «Ելք» խմբակցության ավագանու անդամը նշեց, թե դրա մեջ միտում է տեսնում՝ «վրեժխնդիր լինել Խաչատուր Սուքիասյանից»: «Որովհետև երբևիցե չեք կարող նշել մի դեպք, երբ Նարեկ Մալյանը զբաղված է եղել հանրության համար կարևոր շինությունների և մնացած շենքերի համար գրառումներով, կամ գոնե որպես ոստիկանության աշխատող կանխելու, երբ Փակ շուկան քանդում էին: Նա բազմիցս փորձել է հանդիպել, նաև իմ միջոցով, խնդրել է, որ ես հանդիպում կազմակերպեմ Սուքիասյանի հետ: Ես փորձել եմ, բայց Սուքիասյանը չի հանդիպել նրա հետ, դրա համար ինքը վրեժխնդիր է լինում, շատ լավ իմանալով ում է պատկանում, ինչո՞ւ ոչ մի այլ դեպք չենք կարող նշել, որ նա բարձրաձայնել է այլ կառույցի մասին»,-ասաց նա:
Իսկ այն, որ ինքը մոտ լինելով Խաչատուր Սուքիասյանին, գուցե ունի ամեն դեպքում այս կրպակների կառույցի հարցում կաշկանդվածություն ունի՞, Ալեն Սիմոնյանը վրդովվեց. «Կարծես Ալեն Սիմոնյանին հետաքրքրում է մնացած կառույցները, իսկ այս քանդվող կառույցը չի քանդվում: Պաշտոնապես ձեզ հայտարարում եմ, ինձ բացարձակ միևնույն է, թե ում է պատկանում կառույցը՝ Գասպարյան Վովային, Սերժ Սարգսյանին, Խաչատուր Սուքիասյանին, Գագիկ Ծառուկյանին, ես մեծ-մեծ ժապավեն ունեմ փաթաթած այդ ամենն ում է պատկանում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է սկզբունքներին, նշեց, թե պետք է արդար լինել բոլորի հարցերում: «Եթե լավ է արվում, ես հետևում եմ, նայում եմ և իմ աչքով գնահատում: Այս դեպքում նույն Գետառի հիմք է տեղափոխվել, Նարեկ Մալյանը դրա մասին չի գրում, որ Զորավար Անդրանիկ մետրոկայան էր ջուրը լցվում Գետառից, և ինքը սեփականատիրոջ գումարներով քաղաքապետարանի հետ համատեղ տեղափոխվել է, կարևո՞ր է չէ՞մայրաքաղաքի համար, բա ինչո՞ւ չեն գրում, որ հարյուրավոր մարդիկ կտորից կրպակները մաքրվել է, չի գրվում «Ռոսիան» վերակառուցվել է, նոր լույսները, իսկ դուք նկատե՞լ եք: Եթե օբյեկտիվություն ենք պահում, ես Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես քաղաքական գործիչ շատ վատ վերաբերմունք ունեմ, բայց երբ որ լավ բան է արվում ես դրա մասին գրում եմ, և միայն բացասականը չեմ ներկայացնում, ով ուզում է լինի»,-ասաց նա:
Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ինքը, որպես ավագանի՝ ողջունում է «Ռոսիա» կինոթատրոնի բարեփոխումները: «Հարյուրավոր խնդիրներ կան Երևան քաղաքում, ես կարող եմ հերթով մատնացույց անեմ: Ես ոչ Սուքիասյանի խոսնակն եմ, ոչ էլ որևիցե մեկի խոսնակը, ես իմ գործն եմ անում և իմ գործը լավ եմ անում, և որպես ավագանի ողջունում եմ այն, ինչ կատարվում է Տիգրան Մեծ փողոցի վրա, որովհետև մենք այդ մասում ունենալու ենք Երևան քաղաքին պատիվ բերող կառույց և ես դա ասում եմ, որպես ավագանի: Ինձ արդեն 6 տարի է փորձում են կապել էլ Խաչատուր Սուքիասյանի հետ, էլ Գուրգեն Արսենյանի, էլ Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի հետ. ես ասում եմ անկախ և ազատ մարդ եմ և առաջնորդվում եմ իմ սկզբունքներով, իսկ իմ սկզբունքների որևէ վեճ այստեղ չեմ տեսնում»,-եզրափակեց նա:











