Մինսկում և Բաթումում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվել
Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նևսկու եկեղեցու բակում գտնվող 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ Բելառուսում ՀՀ դեսպանության անձնակազմի և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողություն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ելույթ ունենալով ներկաների առջև, անդրադարձավ հայ ժողովրդի համար 1988թ. տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին, խոսել է վերածնվելու և ապաքինվելու նրա անկոտրում կամքի մասին՝ շնորհակալություն հայտնելով այն երկրներին, որոնք այդ դժվարին օրերին օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:
Այնուհետև արարողության մասնակիցները ծաղկեպսակներ են խոնարհել հուշաքարին և մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը:
Դեկտեմբերի 7-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում տեղի է ունեցել հիշատակի արարողություն՝ նվիրված 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին, որից հետո ՀՀ գլխավոր հյուպատոսության, համայնքային կառույցների ու անհատների կողմից եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ ծաղիկներ են խոնարհվել զոհվածների հիշատակին:
Ներկաների առջև ելույթով է հանդես եկել ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով, մասնավորապես, անդրադարձել է երկրաշարժի հետևանքների վերացմանն ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցներին, աղետի գոտում իրականացվող սոցիալ-տնտեսական աշխատանքներին:
Նույն օրը Ալեքսանդր Մանթաշյանի անվան հայկական կրթամշակութային կենտրոնում ցուցադրվել է ֆիլմ Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ:











