Երուսաղեմի կարգավիճակի համար բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 1.000 մարդ է տուժել (տեսանյութ)

13:26 • 09.12.17

Հորդանան գետի արևմտյան ափի, Գազայի հատվածի և Երուսաղեմի տարբեր մասերում անցկացված բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 1.100 մարդ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են սկսվել մահմեդականների և հրեաների միջև:

Երեկ Երուսաղեմում ուրբաթօրյա աղոթքից հետո պաղեստինցիները խոստացել էին «ցասման օր» իրականացնել:

Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ բռնակցել: Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա:


Իսրայելցի զինվորականների հաշվարկների համաձայն՝ Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածի սահմանի մոտ տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է մոտ 7.500 մարդ: