Կանադայում սովից հյուծված սպիտակ արջը սարսափեցրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ)
Համացանցի օգտատերերին սարսափեցրել է տեսանյութը, որում ցուցադրվում է սովից հյուծված սպիտակ արջը: Տեսանյութը հրապարակվել է հեղինակի՝ լուսանկարիչ Պոլ Նիկլենի Instagram–ում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Կանադական արկտիկական արշիպելագի Բաֆինի երկիր կղզում արված տեսանյութը դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
«Ամբողջ նկարահանող խումբը մի կերպ է զսպել արցունքները, մինչ մենք փաստագրել ենք այս մահացող բևեռային արջին: Այս սրտաճմլիկ տեսարանը հետապնդում է ինձ, սակայն գիտեմ, որ մենք պետք է կիսվենք այս սարսափով, եթե ցանկանում ենք ջարդել անտարբերության պատը», - գրել է նա:
Նիկլենը պարզաբանել է, որ «այսպիսի տեսք ունի սովը»:
«Մկանները հյուծված են: Էներգիա չկա: Սա դանդաղ և ցավոտ մահ է», - հավելել է լուսանկարիչը՝ նշելով, որ ինքը ցանկանում է ուշադրություն գրավել գլոբալ տաքացման խնդրի հանդեպ, որի պատճառով սպիտակ արջերը կարող են վերանալ մոտակա ժամանակներում:










