«Բացահայտում», թե «հեղափոխություն». Թրամփը ելույթի ժամանակ շփոթել է բառերը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակիցների առաջ ելույթ ունենալիս շփոթել է հնչողությամբ նույնանման բառերը և արդյունքում հայտարարել է, որ իր «բացահայտումը» դեռ չի ավարտվել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մեր «բացահայտումը» չի ավարտվել 2016-ի նոյեմբերի 8-ին (ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը, որի ժամանակ նա հաղթանակ տարավ-Tert.am): Դա միայն սկիզբն էր»,- ասել է Թրամփը՝ օգտագործելով revelation բառը (բացահայտում) revolution բառի փոխարեն (հեղափոխություն)։
Նախկինում նա իր ընտրվելը նախագահի պաշտոնում անվանել էր «քաղաքական հեղափոխություն»։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ սկանդալային հայտարարությունից հետո շատերն ուշադրություն են դարձրել 71-ամյա ղեկավարի տարօրինակ խոսելաձևին: Շատերն ընդգծելով, որ պատմական հայտարարությունն անելու ժամանակ նախագահը բառերը տարօրինակ ձևով է արտասանել ու, առհասարակ, սովորականի պես չի խոսել, կոչ են արել նախագահին մտահոգվել առողջության մասին ու դիմել բժշկի:
Իրավիճակին արձագանքել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը՝ նշելով, որ անհանգստության կարիք չկա և որ նախագահը շուտով բուժզննում կանցնի ու համապատասխան եզրակացությունը կհրապարակվի:
Մինչդեռ MSNBC հեռուստաալիքի հաղորդավարներից մեկը Թրամփի տարօրինակ խոսելաձևը հիմնավորել է տկարամտությամբ: Նա պատմել է, որ տկարամտությամբ տառապող իր մայրը նույնպես Թրամփի պես է խոսում: Մինչդեռ համացանցի այլ օգտատերեր չեն բացառել, որ Թրամփի տարօրինակ խոսքը կարող է թմրանյութերի օգատգործման հետևանք լինել:










