Սկզբնական շրջանում ինձ նորմալ չէին վերաբերվում, ապաստարանում էլ մեկուսացնում էին մյուսներից. ՄԻԱՎ վարակակիր կին
ՄԻԱՎ վարակի առաջին դեպքը Հայաստանում գրանցվել է 1988 թվականին: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների շրջանում 1988-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2865 դեպք: 2865-ից 1900-ը արական սեռի ներկայացուցիչներ են, 875-ը՝ իգական սեռի: ՄԻԱՎ վարակի 49 դեպք գրանցվել է երեխաների մոտ:
Tert.am-ի հետ զրույցում ՄԻԱՎ վարակակիր կինը (անունը չենք հրապարկում իր իսկ խնդրանքով) պատմեց, որ տարիներ շարունակ բռնությունների է ենթարկվել ընտանիքում՝ ամուսնու կողմից, իսկ ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմացել է շատ ուշ, ինչի հետևանքով առաջին երեխան ևս վարակվել է:
«Բռնությունը սկսվեց իմ ամուսնությունից 6 ամիս անց, ես այդ ժամանակ արդեն հղի էի: Բայց ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին իմացա երկրորդ հղիության ընթացքում, երբ թունավոր հղիություն էր ինձ մոտ: Չորս ամսական հղի էի արդեն, երբ մեր մարզային բժիշկն ինձ տեղեկացրեց, որ ինձ մոտ ՄԻԱՎ է հայտնաբերվել: Ես այդ ժամանակ գաղափար էլ չունեի՝ դա ինչ է: Բժիշկն ինձ ասաց, որ լռեմ, շատ մարդիկ չիմանան, ասաց՝ դու չես կարող այստեղ ծննդաբերել և ուղեգիր տվեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»,-պատմեց ՄԻԱՎ վարակակիր կինը:
Առաջնեկը՝ որդին, կրծքով կերակրման փուլում արդեն վարակվել է ՄԻԱՎ-ով մոր չիմացության հետևանքով, բայց երկրորդ հղիության ժամանակ անհրաժեշտ դեղորայքային բուժմամբ հնարավոր է եղել կանխել երկրորդ որդուն վարակի փոխանցումը, և նա առողջ է:
«Ես շատ դժվարությունների միջով եմ անցել, սկզբնական շրջանում ինձ նորմալ չէին վերաբերվում, ապաստարանում էլ մեկուսացնում էին մյուսներից: Բայց հիմա ես ապրում եմ սովորական մարդու նման, շփվում եմ հարևանների հետ, իմ առողջ տղան էլ մեզ հետ միասին է ապրում»,-ասաց ՄԻԱՎ վարակակիր կինը:
«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» հկ նախագահ Ժենյա Մայիլյանի խոսքով` երեխաների՝ ՄԻԱՎ-ով վարակվելու հիմնական դեպքերը կապված են նրա հետ, որ մայրերը տեղյակ չեն եղել իրենց կարգավիճակի մասին և ժամանակին չեն կանխարգելել:
«Այն կանայք, ովքեր հետազոտվում են, ժամանակին իմանում են իրենց կարգավիճակի մասին, իրենց բալիկները ծնվում են առողջ, ՄԻԱՎ-ով չեն վարակվում: Հիմնականում ՄԻԱՎ-ով վարակված իգական սեռի ներկայացուցիչների 97 տոկոսի մոտ ՄԻԱՎ վարակը անցնում է սեռական ճանապարհով: Մեծամասնությունը վարակվում է իրենց սեռական զուգընկերոջից, ամուսնուց»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մայիլյանը:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով՝ համաճարակի սկզբից՝ 1988թ.-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ՄԻԱՎ վարակից 650 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 112-ը կին է, 10-ը՝ երեխաներ:
Ժենյա Մայիլյանի խոսքով՝ ՄԻԱՎ-ով ապրող շատ կանայք կրկնակի խոցելի են և բռնության են ենթարկվում:
«Եղել են դեպքեր, որ ընտանիքի անդամները կնոջը թույլ չեն տվել հետազոտվել կամ բուժում ստանալ: Ավելի շատ լինում է հոգեբանական բռնություն, երբ ՄԻԱՎ կարգավիճակով կինը ուզում է բաժանվել, իրեն ասում են՝ դու ո՞ւմ ես պետք քո կարգավիճակով, ու կինն արդեն մտածում է, որ ինքն անպաշտպան է: Ապաստարաններում թեև չկա որևէ խոչընդոտ, որպեսզի ընդունեն ՄԻԱՎ վարակակիր կնոջ, սակայն վերջերս ունեցանք դեպք, երբ որ այդ կարգավիճակի համար կնոջը ապաստարանից հանեցին՝ պատճառաբանելով, որ մասնավոր հիմնարկ է, և մենք կարող ենք որոշել՝ ում ընդունել ում չընդունել»,-ասաց Ժենյա Մայիլյանը:
Նրա խոսքով, եթե համեմատենք այս օրը 10-ը տարի առաջվա հետ, ապա հասարակության վերաբերմունքը ոչ ամբողջապես, բայց որոշակիորեն փոխվել է ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող մարդկանց նկատմամբ:
«Բազմաթիվ են դեպքերը, երբ խտրական վերաբերմունք է լինում հենց բուժհաստատություններում: Կինը ստիպված է եղել փոխել իր բնակության վայրը, լքել համայնքը երեխայի հետ, որովհետև ինչ-որ մի ձևով պոլիկլինիկայից, թե որտեղից իրենց կարգավիճակի մասին իմացել են: Այսինքն՝ մեր հասարակությունում, թեև ինֆորմացիան այսօր շատ է, բաց է, հանրային միջոցառումներն արվում են, ֆեյսբուքյան էջերով անընդհատ պատմությունները տարածվում են, բայց միևնույն է՝ ունենք խուսափողական վերաբերմունք»,-ասաց Մայիլյանը:
Անահիտ Հակոբյան










