Երուսաղեմում պաղեստինցի երիտասարդը դանակահարել է իսրայելցի անվտանգության աշխատակցին
Երուսաղեմում ավտոբուսի կենտրոնական կայարանում պաղեստինցի երիտասարդն անվտանգության աշխատակցի է դանակահարել: Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը: Ոստիկանության համաձայն՝ միջադեպը ահաբեկչական հարձակում է եղել:
Պաղեստինցի հարձակվողը ձերբակալվել է դեպքի վայրում:
Ոստիկանության հաղորդմամբ՝ ահաբեկիչը հանել է դանակը և դանակահարել անվտանգության աշխատակցին, այնուհետև փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից, բայց նրա հետևից են վազել մի ոստիկան և մի քաղաքացի և կարողացել են նրան կանգնեցնել:
Հաղորդվում է, որ անվտանգության աշխատակիցը հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում, նա վնասվածք է ստացել կրքավանդակի հատվածում:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչից հետո այսօր Երուսաղեմի Դամասկոսյան դարպասների մոտ բախումներ են սկսվել մահմեդական ցուցարարների և իսրայելական ոստիկանության միջև, կան տուժածներ:
Իսրայելը Երուսաղեմն անվանում է իր «միասնական և անբաժան» մայրաքաղաքը, ներառյալ դրա արևելյան թաղամասերը և պատմական կենտրոնը, որոնք կես դար առաջ նա գրավել է Հորդանանից և ավելի ուշ՝ բռնակցել:
Միջազգային հանրությունը չի ճանաչում անեքսիան և քաղաքի կարգավիճակը համարում է հակամարտության ամենակարևոր խնդիրներից մեկը, որը պետք է լուծվի Երուսաղեմի արևելյան հատվածին հավակնող պաղեստինցիների հետ պայմանավորվածության հիման վրա:










