ԱՄՆ Նախագահի հայտարարած սահմանափակումները չեն տարածվում երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների վրա. ԱՄՆ դեսպանատուն

12:59 • 11.12.17

 

ԱՄՆ Նախագահի հայտարարած սահմանափակումները չեն տարածվում երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիների վրա, եթե նրանք վիզայի դիմում են ներկայացնում հայկական անձնագրով. այս մասին Tert.am-ին տեղեկացրին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից:

Նշենք, որ Tert.am-ի խմբագրություն էին դիմել քաղաքացիներ՝ պարզելու` արդյոք ՀՀ-ի քաղաքացիություն ունեցող (այսինքն՝ երկքաղաքացիություն ունեցող) Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների վրա տարածվո՞ւմ է ԱՄՆ նախագահի` վիզաներ չտրամադրելու  որոշումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Գերագույն դատարանը լիազորել էր Դոնալդ Թրամփի վարչակազմին լիարժեք իրականացնել ներգաղթի մասին հրամանագրի բոլոր դրույթները, որն արգելում է վեց երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Արգելքը վերաբերում է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Չադի քաղաքացիներին: Բացի այդ, Թրամփն առանձին արգելել է նաեւ ԿԺԴՀ քաղաքացիների և Վենեսուելայի պաշտոնյաների մուտքը: