Գյուղեր կան, որ օրեցօր վերջանում են, որովհետև այդ գյուղապետը մարդ չէ՝ անկիրթ, չոբան, միայն իր ընտանիքի մասին մտածող. Անահիտ Բախշյան
Կրթված մարդը սոված չի լինում, եթե նույն պայմաններում մեկը լավ է ապրում, մյուսը՝ վատ, ուրեմն պետք է նայես, թե ինչ կրթություն ունի, դրսում ինչքան հարազատություն ունի, պիտի նայես՝ այդ գյուղապետն ինչքանով է նորմալ մարդ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Եթե գյուղապետն էլ կրթված մարդ է, ապա ինքն իր համայնքի ժողովրդի հետ խելք-խելքի կտա և կգտնի ապրելու ձևերը, ոչ թե գոյատևելու: Իսկ եթե գյուղապետը չոբան է, որն Ա-ն ու Բ-ն էլ չի ջոկում, ինքն իր շուրջը եղած խելացի մարդկանց կքշի: Բոլորը կուզեն իրենից փախչել: ՀՀ նախագահը պետք է մտահոգվի, թե ինչպես գյուղապետերի, այս ՏԻՄ-երի ղեկավարների ընտրությունը լինի, ովքեր լինեն, օրենքում կլինի փոփոխություն, թե ինչ, որ գան կրթված մարդիկ և իրենց օրինակով վարակեն գյուղի ժողովրդին, որպեսզի ոչ թե փախչեն այնտեղից, այլ ընդհակառակը»,-ասել է Անահիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ գյուղապետեր կան և նրանց մեջ հատուկենտ կանայք ամբողջ Հայաստանում, որ իրենց շուրջը հավաքել են ամբողջ համայնքին: Օրինակ՝ Քարահունջը:
«Իսկ գյուղեր կան, որ օրեցօր վերջանում են, որովհետև այդ գյուղապետը մարդ չէ՝ անկիրթ, չոբան, միայն իր ընտանիքի մասին մտածող: Այ, ասում են՝ հերիք է փողը տանեք ձեր տուն: Հիմա ես շատ կոնկրետ եմ ասում՝ Վաղաշենի գյուղապետ, Ծովագյուղի գյուղապետ: Կոնկրետ այդ ժողովրդի փողը տանում են իրենց տները: Իրենց ամբողջ ցեղն աշխատում է հնարավոր բոլոր տեղերում, ՍՊԸ-ն հիմնել են, ճանապարհներն իրենք են նորոգում, շինարարությունն իրենք են անում, բա սա ի՞նչ է: Ես չեմ ասում ՝ իրենց հարազատին թող սովի մատնեն, չէ, բայց արդարամիտ, արդար ձևով, կամ օրենքի շրջանակում։ Այնքան արտառոց բաներ կան ցանկացած գյուղում, օրինակելի շատ քիչ գյուղեր կան»,-ասել է նա։
Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ հիմնականում գյուղացին գյուղապետի «ձեռքի խաղալիքն է», հատկապես ընտրությունների ժամանակ: Ըստ նրա՝ մարդիկ ծայրահեղ աստիճանի իրենց ձայնը չեն կարևորում:
«Սա ամենասարսափելի բանն է, որ այս իշխանությունները կարող էին անել մեր պետության գլխին, երբ մարդը չի հավատում իր ձայնին, ձայնի իրավունքին: Այդտեղից սկսվում է ամեն ինչ: Մարդուն ասում են՝ դու ո՞վ ես, որ որոշես, դու ո՞վ ես, որ քվեարկես, դու ո՞վ ես, որ քո քվեարկությամբ ինչ-որ բան որոշես: Վերջ, ի՞նչ ժողովրդավարություն, չկա ժողովրդավարություն»,-ասել է «Ելք»-ի ավագանին:










